Քաղաքական ուժերը պատրաստվում են Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին, քաղաքապետի թեկնածուի անուն նշում է միայն մեկ ուժ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականից շուրջ երկու շաբաթ անց քաղաքական ուժերը պատրաստվում են ավագանու արտահերթ ընտրություններին, բայց քաղաքապետի թեկնածու դեռ չունեն:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Երևանի ավագանու «ԵԼՔ» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտնեց, որ իրենք դեռեւս հստակեցնում են ընտրություններին մասնակցելու ձևաչափը:
«Այս պահին քննարկում ենք, թե ինձ ձևաչափով ենք մասնակցելու ավագանու ընտրություններին: Ցուցակների ու քաղաքապետի թեկնածուի հարց չի քննարկվում»,- նշեց Դավիթ Խաժակյանը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ հնարավոր է ստրատեգիական քայլեր արվեն ընտրություններին մասնակցելուց առաջ:
«Հնարավոր է` դաշինքով մասնակցենք, հնարավոր է` առանձին: Սրանք ստրատեգիական խնդիրներ են: Այս հարցը դեռ քննարկման փուլում է, իսկ ընտրական ցուցակները եկող շաբաթվա ընթացքում արդեն կհրապարակենք»,- ասաց Ալեն Սիմոնյանը: Այն հարցին, թե ով կարող է լինել այդ ցուցակը գլխավորողը, Ալեն Սիմոնյանը նշեց, որ քաղաքապետի թեկնածուի անուն չի քննարկվել:
«Հանրապետական» կուսակցության խորհրդի անդամ Ռուբեն Թադևոսյանի խոսքով` ավագանու ընտրությունների հետ կապված հարց կուսակցությունում դեռ չի քննարկվել: «Քաղաքապետի հավանական թեկնածուի անուն առայժմ չունենք: Չենք քննարկել նաև ցուցակների հարցը: Երբ որոշում կայացնենք, այն կհրապարակվի»,- նշեց Թադևոսյանը:
Երևան քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցելու հարց չի քննարկել նաև ՀՅԴ Գերագույն մարմինը: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանը:
ԲՀԿ-ն, Իվետա Տոնոյանի կարծիքով, առանձին կմասնակցի ավագանու գալիք ընտրություններին: Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ այդ հարցի շուրջ դեռ հստակ որոշում չկա, բայց կուսակցության քաղաքական թիմը պատրաստ է աշխատել Երևան քաղաքի ավագանիում:
«Այս պահի դրությամբ ցուցակի ու ցուցակը գլխավորող անձի շուրջ հստակ որոշում չկա: Կան բավականաչափ պատրաստված մարդիկ մեր քաղաքական թիմում, ովքեր տիրապետում են Երևանի խնդիրներին ու կարող են հստակ ծրագիր ներկայացնել, որը կկարողանա լուծել այդ խնդիրները»,- նշեց Իվետա Տոնոյանը:
Քաղաքական ուժերից միայն «Երկիր Ծիրանի» կուսակցությունն ունի ավագանու ընտրություններին մասնակցելու հստակ ցուցակ և քաղաքապետի թեկնածու: Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:
«Պատրաստվում ենք մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին, իսկ ընտրական ցուցակը գլխավորելու եմ ես»,- ասաց Փոստանջյանը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել հուլիսի 9-ին:
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի Հոդված 46-ի համաձայն՝ քաղաքապետի արտահերթ ընտրություններն անցկացվում են քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո ավագանու սահմանած ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում: Քաղաքապետի արտահերթ ընտրություններն անցկացվում են քաղաքապետի ընտրությունների համար սահմանված կարգով:
Նույն հոդվածի 2-րդ կետով սահմանվում է, որ արտահերթ ընտրությունների ժամանակ քաղաքապետի թեկնածուներ առաջադրելու իրավունքը պատկանում է ավագանու խմբակցություններին:
Արտահերթ ընտրություններն անցկացվում են սույն օրենքի 44-րդ հոդվածի 4-6-րդ մասերով սահմանված կարգով, այսինքն՝ քվեարկում են ավագանու անդամները։ Քվեարկությունն անցկացվում է քվեաթերթիկների միջոցով, որում ընդգրկվում են առաջադրված բոլոր թեկնածուները: Ավագանու յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Եթե առաջադրվել է մեկ թեկնածու, ապա վերջինս ընտրվում է քաղաքապետ, եթե նրա օգտին կողմ քվեարկած ձայները ավելի են դեմ քվեարկած ձայների թվից եւ ավելի են ավագանու անդամների ընդհանուր թվի 40 տոկոսից:
Հոդված 47-ը սահմանում է, որ քաղաքապետն իր լիազորությունները ստանձնում է իր ընտրվելուց հետո` երրորդ օրացուցային օրը, ավագանու` օրենքի ուժով հրավիրված նիստում Երեւանի բնակիչներին տրված երդմամբ:
Նորայր Շողիկյան