«Շատ կարևոր է, որ այս երկրում ապրող ցանկացած հայ երիտասարդ հավատացած լինի, որ համակարգը արդար է». Արմեն Սարգսյան
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Ամառային մասնագիտական փորձառության եւ «Երաժշտական Հայաստան» ծրագրերի մասնակից ուսանողներին, ովքեր Հայաստան են ժամանել տարբեր երկրներից:
Ուսանողները նախագահին ներկայացրել են Հայաստան այցելության նպատակը, կիսվել տպավորություններով, այնուհետեւ տարաբնույթ հարցեր են ուղղել, մասնավորապես՝ Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունների, ստեղծված նոր հնարավորությունների, Հայաստանի զարգացման տեսլականի, ինչպես նաեւ` սիրահայ համայնքի խնդիրների մասին:
Խոսելով Հայաստանում կատարված փոփոխությունների մասին` նախագահը նշել է, որ երկին այս փոփոխությունների կարիքն ուներ: «Շատ կարեւոր է, որ այս երկրում ապրող ցանկացած հայ երիտասարդ հավատացած լինի, որ համակարգը արդար է, եւ իր համառ աշխատանքի, տաղանդի շնորհիվ կարող է հաջողության հասնել, եւ հաջողելով՝ ավելի լավն ու բարեկեցիկ դարձնել երկիրը»,- նշել է նախագահը:
Հանդիպման ավարտին նախագահը երիտասարդներին կոչ է արել՝ անկախ նրանից, թե որ երկրում են ապրում, հպարտ լինել իրենց ինքնությամբ ու հայրենիքն ունենալ իրենց մտքում ու հոգում: