Նիկոլ Փաշինյանի՝ Մարտի 1-ի և Ռոբերտ Քոչարյանի՝ Սահմանադրությամբ բացարձակ իմունիտետ ունենալու մասին

«Ես չեմ կարծում, որ որևէ մեկը, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանը, ունի Սահմանադրությամբ բացարձակ իմունիտետ, եթե մեղադրանք առաջադրելու հիմք կա: Մնացածը քննչական մարմինների գործն է»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Մարտի 1-ի գործին և ՀՀ երկրորդ նախագահին հարցաքննության հրավիրելու փաստին:

Նա նշեց, որ ՀՔԾ նոր պետին ներկայացնելով՝ շատ հստակ ասել է այն խնդիրները, որ դրված են ՀՔԾ-ի առաջ, և դրանցում հատուկ տեղ ունի Մարտի 1-ի դեպքերի ամբողջական քննությունն ու բացահայտումը: Ն.Փաշինյանը վստահեցրեց, որ այստեղ լրջագույն տեղաշարժեր ունենք. «Հույս ունեմ, որ այս լրջագույն տեղաշարժերը լրջագույն արդյունքի կբերեն»:

Նրա խոսքով՝ նախաքննությունը պետք է ընթանա բոլոր ներգրավված անձերի և օրինականության բացարձակ պահպանությամբ: Փաշինյանն ընդգծեց, որ սա ասում է ոչ թե՝ որպես վարչապետ, այլ՝ որպես նախկին քաղբանտարկյալ. «Ինձ համար մեծագույն խայտառակություն կլինի, եթր նորից ՀՀ-ում ունենանք քաղբանտարկյալ»:

Սակայն, ըստ վարչապետի, որևէ քրեական գործ չի կանգնելու որևէ անձով պայմանավորված, և ցանկացած անձ, եթե գործով կլինեն բավարար հիմքեր, կկանգնի պատասխանատվության առաջ:

Ն.Փաշինյանը նշեց, որ իրեն ՀՔԾ չեն հրավիրել:

ՀՀ վարչապետը նշեց, որ Մարտի 1-ի զոհերի հարազատների հետ կհանդիպի, և հույս հայտնեց, որ դա տեղի կունենա այնպիսի պայմաններում, երբ ինչ-որ արդյունքներ կարձանագրվեն, բայց եթե նրանք ցանկություն ունեն, առաջիկա շրջանում կարող են հանդիպում կազմակերպել:

Տեսանյութեր

Լրահոս