ԲՀԿ-ում քննարկվում են Երևանի քաղաքապետի թեկնածուի տարբեր անուններ, այդ թվում՝ Նաիրա Զոհրաբյանի, Արարատ Զուրաբյանի, Գևորգ Պետրոսյանի
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում արդեն որոշում է կայացվել՝ անպայմանորեն մասնակցել Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին։ 168.am-ին այս մասին ասաց ԲՀԿ անդամ, պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ իրենք մասնակցելու են ընտրություններին՝ անկախ նրանից, թե դրանք երբ տեղի կունենան։
«Երբ էլ լինի, ԲՀԿ-ն ունի կայացրած քաղաքական որոշում՝ մենք ավագանու ընտրությանը մասնակցելու ենք»,- նշեց Ն. Զոհրաբյանը։ Հարցին՝ առանձի՞ն եք մասնակցելու, թե՞ քննարկվում է նաև դաշինքով մասնակցելու տարբերակը, Ն. Զոհրաբյանը պատասխանեց, որ այս պահին քննարկում և որոշում չկա, բայց ինքը հակված է մտածել, որ իրենք առանձին կմասնակցեն ընտրություններին։
Հիշեցնենք, որ մամուլում գրվել էր, որ ԲՀԿ-ում կան քաղաքապետի մի քանի թեկնածուներ՝ Արարատ Զուրաբյանը, Գևորգ Պետրոսյանը, Նաիրա Զոհրաբյանը, Հրաչյա Ռոստոմյանը։
Ն. Զոհրաբյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք իրենց կուսակցությունն արդեն քննարկել է քաղաքապետի թեկնածուների հարցը և ունի՞ վերջնական թեկնածու։ Ի պատասխան՝ Ն. Զոհրաբյանն ասաց. «Մեր քաղաքական թիմում կան բազմաթիվ պատրաստված գործիչներ, այդ թվում՝ ձեր նշած գործիչները, ինչպես նաև այլ գործիչներ, ովքեր հրաշալի պատկերացնում են Երևանի կառավարումը, տեղյակ են Երևանի խնդիրներին։
Ի վերջո, քանի որ քաղաքական թիմն է վերցնելու պատասխանատվությունը Երևանի կառավարման համար, վստահաբար կարող եմ ասել, որ մեր թիմն ունի Երևանի զարգացման հրաշալի ծրագիր, որը մենք կներկայացնենք մեր քաղաքացիներին։ Թե ո՞վ կգլխավորի թիմը, այս պահին նման վերջնական որոշում ԲՀԿ-ում չկա, բայց քննարկումներ գնում են։ Մեկ բան կարող եմ ասել, որ մեր համամասնական ցուցակում դուք չեք տեսնելու կասկածելի կենսագրությամբ մարդկանց, ոչ պրոֆեսիոնալներ չեք տեսնելու, մարդիկ, որոնք որևէ կերպ չեն պատկերացնում Երևանի խնդիրները և ունակ չեն լինելու դրանք լուծել։ Ներկայացնելու ենք արժանապատիվ ցուցակ, պրոֆեսիոնալ ցուցակ, իսկ թե ո՞վ կգլխավորի ցուցակը, այս պահին դեռ վերջնական որևէ որոշում չկա»։
Մեր ճշտող հարցին՝ կարո՞ղ եք հաստատել, որ վերոնշյալ անձանց անունները նույնպես շրջանառվում են այդ թեկնածուների շարքում, Ն. Զոհրաբյանն այսպես պատասխանեց. «Կարծում եմ՝ դա պետական գաղտնիք չէ, այո, շրջանառվում են տարբեր անուններ, քննարկվում են տարբեր անուններ, ովքեր ունեն հանրային վստահություն, ովքեր երևանցիների համար ընկալելի են, ում աշխատանքն այս տարիների ընթացքում հանրությունը տեսել է, և ովքեր պատասխանատու անձնավորություններ են, և անկախ նրանից, թե որ ոլորտներում են եղել, իրենց վրա դրված պատասխանատվությունը կարողացել են առավելագույնս արժանապատվորեն իրականացնել։ Բայց վերջնական որոշում չկա, կլինի վերջնական որոշում, վստահ եղեք՝ մենք անպայմանորեն կհրապարակենք»։
Նա չհստակեցրեց, թե երբ կլինի վերջնական որոշումը. «Մենք չենք շտապում, ուզում ենք՝ մեր քաղաքական խորհրդի բոլոր անդամների տեսակետները լսենք, բնականաբար, շատ կարևոր է նաև երևանցիների տեսակետը, երևանցիների ձայնը։ Ի վերջո, Երևանը շատ սպեցիֆիկ է, ու այստեղ շատ կարևոր է նաև, թե ով է լինելու առաջին համարը, ու առաջին համարի հանդեպ ինչ վերաբերմունք ունի երևանցին»։
Մեր ճշտող հարցին, թե երևանցիների տեսակետներն ինչպե՞ս եք իմանալու, հարցումնե՞ր եք իրականացնելու՝ Ն. Զոհրաբյանը պատասխանեց, որ դա իրենց կուսակցության ներքին խնդիրն է, ու չի ցանկանում իրենց ներքին մարտավարական խնդիրների մասին խոսել.
«Մեկ բան կարող եմ ասել՝ մեր ցուցակը լինելու է մրցունակ։ Ես հույս ունեմ ու ակնկալում եմ, որ այս գեղեցիկ, սիրո, հանդուրժողականության հեղափոխությունը պետք է ավարտվի նույն որակի թե՛ Երևանի ավագանու, թե՛ խորհրդարանական ընտրությամբ։
Եթե մենք գնանք այնպիսի ընտրությունների, ինչպիսին եղել է նախկինում, այսինքն՝ գոտկատեղից ներքև նողկալի հարվածներ, սև PR, ամեն գնով մրցակցին սևացնել, ես ձեզ վստահեցնում եմ, որ դա լինելու է այս հեղափոխության թիկունքին հասցրած ամենամեծ հարվածը, ու դրա համար ես՝ որպես նախկին լրագրող, միանում եմ երկու օր առաջ իմ լրագրող գործընկեր խմբագիրների տարածած հայտարարությանն այս անհանդուրժողականության, ագրեսիան կանխելու համար։ Չի կարելի, այս կործանարար ատելության վերջը պետք է տրվի»։