Բաժիններ՝

«Եթե ինձ տեսնեն միասնական թեկնածու, ես շատ սիրով կդառնամ ֆեդերացիայի նախագահ». Արթուր Վանեցյան

ԱԱԾ պետք Արթուր Վանեցյանը դեռ վերջնականապես չի որոշել՝ կառաջադրվի՞ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում, թե՞ ոչ:

«Չեմ ասի, որ կհրաժարվեմ: Առաջիկա օրերին կքննարկենք: Եթե որոշեմ դնեմ, ավելի վաղ կհայտարարեմ»,- այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց նա՝ հավելելով, որ աշխարհի առաջնությանը երկրպագել է Ֆրանսիային, իսկ ֆուտբոլ շատ է սիրում:

«Վերջնական որոշում չունեմ, բայց ցանկություն ունեմ: Պատրաստ եմ առաջադրվել միայն այն դեպքում, եթե այսօրվա ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչներն ինձ հավաստիացնեն, որ իրենք դեմ չեն, որ լինեմ ՀՖՖ նախագահ: Առաջադրումը պետք է լինի ֆուտբոլային թիմերի ակումբների կողմից: Եթե ինձ տեսնեն միասնական թեկնածու, ես շատ սիրով կդառնամ ֆեդերացիայի նախագահ»,- ասաց նա:

Ըստ նրա՝ հիմա ֆեդերացիայում փոփոխություններ են իրականացվում, Ռուբեն Հայրապետյանի կարգավիճակն է հստակեցվում, ՀՖՖ-ն իրավաբանական անձնաց միությունից դառնում է հասարակական կազմակերպություն, ժամկետներ կան ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի հետ հմաձայնեցնելու, որ նոր ընտրություններ անցկացվեն, և դրա ժամկետն ընկում է սեպտեմբերի 10-15-ին:

Ա.Վանեցյանը խնդրեց և հորդորեց բոլոր տատանվող թիմերին՝ անպայման մասնակցել ՀՀ ֆուտբոլի առաջնությանը՝ անկախ նրանից, թե ինչ հարաբերությունների մեջ են գտնվում ֆեդերացիայի հետ:

Ա.Վանեցյանի խոսքով՝ Շիրակ ակումբին զրկել էին չեմպիոնությունից, բայց անցած գործկոմի նիստին Շիրակը վերադարձել է բարձր լիգա. «Հորդորում եմ, որ անպայման Շիրակը մասնակցի և խաղա»:

Ա.Վանեցյանը նշեց, որ Ռուբեն Հայրապետյանի բիզնեսներում ստուգումներ չեն եղել ԱԱԾ-ի կողմից. «ԱԱԾ-ն աշխատում է բոլոր ուղղություններով, մենք բազմիցս նշել ենք, որ անկախ մարդու զբաղեցրած պաշտոնից, դիրքից, անունից, եթե ստացանք ստույգ տվյալներ, որ մարդն իրականացրել է այս կամ այն օրինախախտումը, մենք իրականացնելու ենք համապատասխան միջոցառումներ»:

Նա հաստատեց, որ մեկ անգամ հանդիպել է Հայրապետյանին՝ նրա հայտարարությունից հետո, բայց բացառեց, որ համաձայնության են եկել, որ ՀՖՖ նախագահի պաշտոնը զիջի իրեն, ԱԱԾ-ն էլ փոխարենը ստուգումներ չիրականացնի Հայրապետյանի բիզնեսներում. «Նման բան չի կարող լինել»:

Ա.Վանեցյանը հայտարարեց նաև, որ պատրաստ է ՀՖՖ նախագահի պաշտոնը զիջել Յուրի Ջորկայեֆին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս