«Հայաստանի հետ վիզայի դյուրացման պայմանավորվածությունը չի փոխվի». Սվիտալսկի
«Փոփոխություն չի լինի շենգենի ձեռքբերման աշխատակարգերում, այն վճարումների իմաստով, որոնք նվազեցված են»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ անդրադառնալով խոսակցություններին, թե փոխվել են շենգեն ստանալու պայմանները:
Դեսպան Սվիտալսկին ասաց, որ ԵՄ-ն քննարկում է սկսել շենգենի սահմանային կոդեքսի վերանայման վերաբերյալ: Նրա փոխանցմամբ՝ ԵՄ դեսպանները հաստատել են բանակցությունների մանդատը, դրանք շարունակական են, և որևէ որոշում չի կայացվել:
«Կա առաջարկ, քննարկումների փուլում են, չի ընդունվել դեռ, առաջարկը պետք է ներդաշնակեցվի ԵՄ հանձնաժողովի դիրքորոշման հետ, ԵՄ հանձնաժողովը քննարկում է այս առաջարկը, այն ունի վեց ամիս իր դիրքորոշումն արտահայտելու համար, մենք հեռու ենք եզրահանգման փուլից, իսկ սրա նախապատմությունը հայտնի է ձեզ: Սա այն պատճառով է, որ կա ուժեղ միգրացիոն ճնշում, և ես կարծում եմ, որ յուրաքանչյուր ոք Հայաստանում խորապես հասկանում է, որ եվրոպացիները պետք է փորձեն հասկանալ` ինչպես պաշտպանել իրենց սահմանները, պաշտպանական ինչպիսի ռեժիմ մշակել: Հայաստանը, ինչպես գիտեք, օգտվում է վիզայի դյուրացման ռեժիմի հանգամանքից: Փոփոխություն չի լինի աշխատակարգերում, այն վճարումների իմաստով, որոնք նվազեցված են: Հայաստանի հետ վիզայի դյուրացման պայմանավորվածությունը չի փոխվի»,- ասաց նա: