Արթուր Վանեցյանը՝ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագա՞հ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է, որ երեկ ողջ օրը համառ լուրեր էին շրջում, որ արդեն իսկ փաստացի որոշված է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի հարցը: Չնայած նա անընդհատ ողջ ուժով փորձում էր դիմադրել նման հեռանկարին, սակայն, ըստ էության, այլևս անհնար է դիմադրել:
«Ավելին, մեր աղբյուրը շեշտում էր, որ հրաժարականը կայացած փաստ է, ձգձգվում է միայն պաշտոնական հայտարարությունը, որը կարող է լինել ամեն վայրկյան (մեր աղբյուրները չէին բացառում, որ դա լինի նույնիսկ թերթի՝ տպագրության իջնելուց հետո, իսկ եթե ոչ, ապա մոտ օրերին):
Սակայն շատ ավելի ուշագրավ էր Հայրապետյանի փոխարեն ֆեդերացիայի նախագահի թեկնածուի անունը, որն օրվա ընթացքում ակտիվորեն սկսեց շրջանառվել: Խոսքը ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի մասին է, ով, ի դեպ, ուղեկցում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ լեգենդների՝ Երևանում կայացած հանդիպման ժամանակ: Մենք զրուցեցինք ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանի հետ:
Հարցին` լուրերը համապատասխանո՞ւմ են իրականությանը, թե՞ ոչ, Գալստյանը պատասխանեց. «Եթե լուրեր կան, որ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հրաժարական է տալու, գուցե իրե՞ն դիմեք»:
Ճշտող հարցին, այսինքն` ոչ հերքում, ոչ հաստատո՞ւմ եք տեղեկատվությունը, որ կարող է ԱԱԾ տնօրենը դառնալ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԱԾ խոսնակն ասաց. «Ես տեղեկատվություն չունեմ, որ ձեզ փոխանցեմ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: