Առողջապահության նախարարը հանձնարարել է ամեն գնով չարաշահումներ գտնել «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն առաջիկայում պաշտոնանկ է անելու Սերժ Սարգսյանի խնամուն՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանին, եւ այդ պաշտոնում նշանակելու է իր ընկերոջը:

Հիշեցնենք, որ նախարարությունն արդեն մի քանի շաբաթ է՝ ստուգումներ է իրականացնում հիվանդանոցում, եւ Թորոսյանը հայտնաբերված չարաշահումների մասին խոսել է ԶԼՄ ներկայացուցիչների հետ օրերս կայացած հանդիպման ընթացքում:

«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ նախարարը այս հարցում վճռական է տրամադրված եւ աուդիտ իրականացնող ընկերությանը հանձնարարել է ամեն գնով չարաշահումներ հայտնաբերել հիվանդանոցում, քանի որ ինքը տնօրենի իր թեկնածուն ունի:

Նշենք, որ երեկ բուժհիմարկի անձնակազմը նամակ է հրապարակել՝ նախարարից պահանջելով դադարեցնել իրենց հիվանդանոցի դեմ սկսված արշավը:

«Ժողովուրդ»-ը փորձեց կապ հաստատել հիվանդանոցի տնօրեն Արա Մինասյանի հետ, սակայն վերջինս չի պատասխանել զանգերին։ Իսկ ԱՆ-ից փոխանցեցին հետեւյալը.«Բազմաշերտ ուսումնասիրություն է արվում, քանի որ այն առողջապահության նախարարության ենթակայության կառույց է։ Ստուգվում է հատկապես պետպատվերով տրամադրված ծախսերի արդյունավետությունը։ Արդեն իսկ խախտումներ հայտնաբերվել են»։ Հարցին,թե նախարարն իր թեկնածուն ունի, մամուլի խոսնակ Լիաննա Եղիազարյանը չի մեկնաբանել՝ նշելով, որ ինքը նման տեղեկություն չունի»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս