Բաժիններ՝

ՊԲ-ում անց է կացվել երկաստիճան հրամանատարաշտաբային զորավարժություն

Երկրի հյուսիսային ուղղությամբ գործող միավորումներից մեկի 2018 թվականի պատրաստության պլանի համաձայն անց է կացվել երկաստիճան հրամանատարաշտաբային զորավարժություն, որտեղ շոշափված տեսական խնդիրները, մտահղացումներն ու հրամանատարների որոշումները արտացոլվել են զորամասերից մեկի հետ անցկացված մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժության ընթացքում:

Զորախաղերին հետևել և մասնակիցներին համապատասխան ուսումնամեթոդական ցուցումներ է տվել ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, ով բացի ղեկավարման կետերում հրամկազմի գործողությունները վերահսկելուց, եղել է նաև կրակային դիրքերում և տեղում ստուգել պայմանական մարտադաշտում ըստ մարտակարգերի տեղակայված ստորաբաժանումների համապատասխանությունը ներկայացվող պահանջներին:

Նախքան պայմանական մարտական գործողություններին անցնելը, միավորման հրամանատար, գնդապետ Արթուր Հարությունյանը ներկայացնում է ստեղծված պայմանական մարտական իրադրությունը, զեկուցում իրականացված միջոցառումների և ընդունված որոշումների մասին, կատարում տեղագրական ու մարտավարական կողմնորոշում:

«Տիգրանակերտ» զորավարժարանում գործողությունները մեկնարկում են հակառակորդի հանկարծակի հարձակման պայմաններում: Յուրային ուժերին հաջողվում է կասեցնել հակառակորդի առաջխաղացումը, վարել պաշտպանողական մարտ, այնուհետև անցնել հակագրոհի և, զբաղեցնելով առավել նպաստավոր բնագծեր, վերականգնել կորցրած դրությունը: Զորախաղերի ժամանակ ստեղծված պայմանական իրադրությունը ոչ միայն առավելագույնս մոտեցված էր մարտական պայմաններին, այլև համապատասխանում էր մասնակից զորամասերի և ստորաբաժանումների իրական խնդիրներին:

Այստեղ հակառակորդը կիրառում էր ավիացիա և հրթիռահրետանային միջոցներ, հրանետային համակարգեր, հերթապահ ուժերից բացի նաև դիվերսիոն-հետախուզական և դեսանտային խմբեր: Վերջիններիս հակազդելու համար բանակի ստորաբաժանումները կիրառում են մի շարք նոր զինատեսակներ և արդի տեխնիկական միջոցներ, որոնք գրագետ ընտրված մարտավարության, հմուտ ղեկավարման և անձնակազմի բարձր մարտական պատրաստականության շնորհիվ ապահովում են ակնկալվող դրական արդյունքները:

Երկաստիճան հրամանատարաշտաբային, իսկ ապա նաև մարտական հրաձգությամբ ուղեկցվող գումարտակային մարտավարական զորավարժությունը լիովին իրացրել է նախանշված ուսումնական նպատակները:

Այն է` ստուգել զորամասերի ՙբարձր՚ աստիճանների մարտական պատրաստականության վիճակի բերվելու պլանների իրատեսականությունը, կատարելագործել ստորաբաժանումների ունակությունները` մարտական տարբեր իրավիճակներում գործելու առումով, հրամանատարներին և շտաբներին տալ մարտական գործողությունների նախապատրաստման և վարման փորձ, բարձրացնել շտաբների ներդաշնակման մակարդակը, ստուգել հրամանատարների ունակությունները ստեղծված իրավիճակի գնահատման, մարտական գործողությունների նախապատրաստման և վարման ժամանակ, ինչպես նաև բարձրացնել անձնակազմի դաշտային վարժվածության աստիճանը:
Զորավարժության ավարտին ի մի են բերվել արդյունքները, վերլուծվել և ընդհանրացվել իրականացված բոլոր միջոցառումները և ըստ այդմ մասնակից հրամանատարներին, շտաբներին ու զորային մյուս կառույցներին առաջադրվել խնդիրներ` հետագա աշխատանքների կազմակերպման վերաբերյալ:

Արման Ավանեսյան

artsakhpress.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս