Բաժիններ՝

ՄԱԿ-ում հայտարարել են ԿԺԴՀ մարդասիրական օգնություն ուղարկելու անհրաժեշտության մասին

ԿԺԴՀ-ն մարդասիրական օգնության կարիք ունի, ինչը հաստատում են «բացահայտ վկայությունները»: Հուլիսի 11-ին այս մասին հայտարարել է հումանիտար հարցերի գծով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Մարկ Լոուքոքը, որը հուլիսի 9-ին աշխատանքային այցով ժամանել է այդ երկիր։

Տեսագրության մեջ, որը զետեղվել է նրա Twitter-ում, Լոուքոքը նշել է, որ ԿԺԴՀ-ում տեսել է «մարդասիրական օգնության կարիքի բացահայտ վկայություններ»: Նրա խոսքով՝ գյուղական վայրերում երեխաների ավելի քան կեսը մաքուր ջրից օգտվելու հնարավորություն չունի: Բացի դրանից, «երկրում երեխաների շուրջ 20 տոկոսը տառապում է թերասնումից»:

Լոուքոքը նաեւ հայտնել է, որ հիվանդանոցներից մեկում, ուր նա այցելել է, բուժման մեջ են 140 հիվանդներ, որոնք տառապում են տուբերկուլյոզից, սակայն դեղորայքը բավականացնում է նրանցից սոսկ 40-ին օգնություն ցույց տալու համար:

Միեւնույն ժամանակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը նշել է, որ կարիքավորներին օգնություն ցույց տալու համար հումանիտար աշխատողների մուտքի հարցում նկատվում են դրական փոփոխություններ: Հուլիսի 10-ին ՄԱԿ-ի մամուլի քարտուղար Ֆարխան Խաքը հայտնել է, որ Լոուքոքն աշխատանքային այցով ժամանել է ԿԺԴՀ, որպեսզի հանդիպումներ անցկացնի ԿԺԴՀ-ի իշխանությունների ներկայացուցիչների հետ եւ ավելի լավ պատկերացում կազմի երկրի հումանիտար իրադրության մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս