Բաժիններ՝

Մրցույթի ամփոփումից հետո Երևանի հեռուստաաշտարակը կներկվի

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությունում
հուլիսի 7-ին տեղի ունեցավ  Երևանի հեռուստաաշտարակի հակակոռոզյան շերտի
վերականգնման և ներկման շխատանքների համար հունիսի 20-ին հայտարարված բաց
մրցույթի ամփոփումը։

Մրցութային հանձնաժողովի քարտուղար Մարինա Նիկոլյանը նշեց, որ մասնակցելու հայտ են ներկայացրել երեք ընկերություններ՝ «ՄոնտաժՏրանսՇին», «Պրոթերմ» և «Դավիթ էներջի» ՍՊ ընկերությունները, համապատասխանաբար՝ 69մլն 282 հազար173, 68մլն 160 հազար և 64 մլն 800 հազար դրամ գնային առաջարկներով։

Նույն օրը տեղի ունեցավ նաև տեխհսկողության մրցույթի գնահատման նիստը։ Այս
մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել երկու կազմակերպություններ՝
«Նյու ինդաստրիզ» և «Գրիտիգ» ՍՊ ընկերությունները, համապատասխանաբար՝ 320
հազար և 1 մլն 370 հազար դրամ գնային առաջարկներով։

Մրցութային հանձնաժողովը, որի կազմում էին ՀՀ տրանսպորտի, կապի և
տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, «Հայաստանի հեռուստատեսային և
ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերության և հասարակական կազմակերպությունների
ներկայացուցիչներ, տեղեկացրեց, որ բաց մրցույթների ընթացակարգերին
համապատասխան՝ հաղթող է ճանաչվում նվազագույն գին առաջարկած ընկերությունը, եթե այն համապատասխանում է նաև որակավորման չափանիշներին։

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերության գլխավոր
տնօրենի տեղակալ Սահակ Դավթյանն ընդգծեց, որ աշխատանքներն իրականացնելու
խիստ պահանջներ են ներկայացված։ Ներկող մասնագետները պետք է ունենան
բարձրության վրա աշխատելու հմտություններ, ինչպես նաև ներկայացնեն
առողջության մասին տեղեկանք:

Հայտերը քննարկելուց հետո, հինգ աշխատանքային օրվա ընթացքում,
հանձնաժողովը կորոշի հաղթողին։

308մ բարձրությամբ աշտարակի ներկման աշխատանքները կկատարվեն բարձր ճնշման սարքավորումներով։ Այն կներկվի կարմիր և սպիտակ գույների բարձր
դիմացկունություն ունեցող բարձրակարգ ներկերով։

Աշխատանքները նախատեսվում է սկսել օգոստոսի սկզբին և ավարտել սեպտեմբերի
վերջին:

Վերջին անգամ Երևանի հեռուստաաշտարակի վրա նմանատիպ աշխատանքներ կատարվել են 2005 թվականին։

ՀՀ տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս