«Էդուարդ Բաբայանը զուսպ մարդ է». Սերգեյ Բագրատյան
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանին զուսպ մարդ է համարում։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, որ ընդհանրապես մարզիկները զուսպ են։
Ըստ նրա՝ այս պահին իրավական համակարգը հանրության կողմից ընկալվում է իդեալական, վստահության արժանի, և պետք չէ գնահատական տալ, պետք է սպասել դեպքերի ընթացքին. «Իրավական տիրույթում է, և քննություն է ընթանում։ Որևէ գնահատում կարող է վնասել քննության շահերին, քաղաքականացնել, որի իմաստը չկա։ Ավելի լավ է՝ թողնենք իրավական հարթության մեջ։ Երբ կտեսնենք՝ ինչ-որ շեղումներ կան քննությունից, այդ ժամանակ կարող ենք արձագանքել»։
Դիտարկմանը, որ տեսակետ կա, որ ԱԱԾ-ի և իրավապահների ուշադրության կենտրոնում են հայտնվել «Ծառուկյան» դաշինքը և դրա անդամները, Ս. Բագրատյանը պատասխանեց, թե որևէ մեկն օրենքից բարձր չէ. «Որևէ քաղաքական գործիչ կամ կուսակցություն, եթե կխախտի օրենքը, պետք է պատժվի»։
Նա չհամաձայնեց, որ Բաբայանը զուսպ անձ չէ, օրինակ՝ անցած տարի աչքի էր ընկել «Շանգրի Լա» համալիրում. «Ես չեմ տիրապետում նշված փաստերին։ Ես բնութագրում եմ մարդուն, չգիտեմ՝ նախկինում ինչ կա, ինչ չկա, ես միշտ տեսել եմ զուսպ, չխոսկան։ Ես շատ խորը չեմ ճանաչում»։
Հարցին՝ պարոն Ծառուկյա՞նն էլ է զուսպ անձնավորություն, Ս.Բագրատյանը հայտարարեց, թե բոլորին ըստ մասնագիտությունների են գնահատում, Գագիկ Ծառուկյանը քաղաքական անձ է, բոլորի աչքի առաջ է, և իր գնահատման կարիքը չկա։
Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ ընդունված քրեական գործի շրջանակներում հուլիսի 5-ին ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության աշխատակից, Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահի օգնական, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված այն հանցավոր արարքի կատարման համար, որ վերջինս խմբի կազմում հարվածներ է հասցրել և դիտավորությամբ կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս հասցրել Վյաչեսլավ Հարությունովին: 05.07.2018թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` Էդուարդ Բաբայանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Նույն օրը դատարանի կողմից միջնորդությունը բավարարվել է, և Է. Բաբայանը կալանավորվել է: