«Ոչ ոք, ոչ մի նպատակ և արժեք չի կարող վեր լինել սահմանադրականության պահպանումից». Հրայր Թովմասյան

Սահմանադրության և պետական խորհրդանիշներին նվիրված տոնը մարմնավորում և ամփոփում է հայրենիքի անկախությունն ու ազատությունը: ՀՀ սահմանադրական դատարանում ՀՀ սահմանադրության եւ Պետական խորհրդանիշերի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանն այս մասին ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ Սահմանադրությունը մեր ժողովրդի անկախ պետականության համար պայքարի յուրօրինակ արձանագրումն է: «Սահմանադրությունն է պատասխանում այն հարցին, թե տվյալ երկրի ժողովուրդը ինչպիսի պետություն է ուզում ունենալ և ինչպիսի արժեքներով է ուզում ապրել: Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա կապակցությամբ ցանկանում եմ, որ յուրաքանչյուր քաղաքացի վայելի սահմանադրական նորմերով ապրելու բոլոր առավելությունները, վայելի մարդու իրավունքների, ազատությունների այն լայն դաշտը, որ ինքներս ենք նախանշել մեր իսկ ընտրությամբ»,-ասաց նա:

Թովմասյանը համոզմունք հայտնեց, որ մեր պետականության կայացման ցանկացած իրավիճակում սահմանադրականության ապահովումն է երաշխիքը կայունացման և զարգացման: «Ոչ ոք, ոչ մի նպատակ և արժեք չի կարող վեր լինել սահմանադրականության պահպանումից: Սահմանադրության և պետական խորհրդանիշների, դրոշի, զինանշանի և օրհներգի նկատմամբ ունեցած վերաբերմունքը կարծում եմ ուղիղ համեմատական է հայրենիքի նկատմամբ տածած սիրուն և նվիրումին, ուստի յուրաքանչյուր խնդիրն է արժևորել մեր պետականությունը, մեր սահմանադրությունը, մեր դրոշը, օրհներգն ո զինանշանը»,-ընդգծեց Թովմասյանը, վստահեցնելով, որ հուլիսի 5-ը պետականության գնահատման և արժևորման, պետականության նկատմամբ հարգանքի արմատավորման ազգային ինքնության օր է նաև:

Տեսանյութեր

Լրահոս