Արցախի ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի այսօրվա նիստին մասնակցել էր նաև Ռուբեն Մելիքյանը
Այսօր՝ հուլիսի 2-ին, Ազգային ժողովի էթիկայի ժամանակավոր հանձնաժողովը գումարել է հերթական նիստը, որից հետո հանձնաժողովի նախագահ Արթուր Թովմասյանը պատասխանել է լրագրողների հարցերին:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ներկայացնելով տարվող աշխատանքները՝ հանձնաժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ասել է, որ այսօրվա նիստին ներկա էր նաև ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ պարզելու համար, թե արդյոք միջադեպի ընթացքում արձանագրվել է մարդու իրավունքների ոտնահարում:
«Ընթացիկ տարվա հունիսի 28-ին Արցախի Խորհրդարանի լիագումար նիստում պատգամավորներ Ժաննա Գալստյանի և Հայկ Խանումյանի միջև տեղի ունեցած լեզվակռիվը հանրային մեծ հնչեղություն է ստացել ոչ միայն Արցախում, այլև Հայաստանում և Սփյուռքում: Քաղաքական խոսքը և հայհոյանքը պետք է դիտարկել խոսքի ազատության խնդրի հարթության վրա: Այն, ինչ տեղի է ունեցել Խորհրդարանում, անթույլատրելի է: Նման երևույթներ այլևս չպետք է կրկնվեն: Արդեն պատրաստ է լեզվակռվի սղագրությունը, և վաղը հանձնաժողովի նախաձեռնությամբ կայանալիք երկու պատգամավորների հանդիպմանն այն ներկայացվելու է»,- նշել է Ա. Թովմասյանը:
Հանձնաժողովի նախագահն ընդգծել է նաև, որ եզրակացությունը պետք է լինի այնպես, որ հասարակության մեծամասնությունը ընկալի այն իրականությանը համապատասխան: