«Մարդու այս տեսակը յուրահատուկ ուսումնասիրության կարիք ունի». Արայիկ Հարությունյան
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը բարձրաձայնել է Սպիտակի դպրոցներից մեկի խորհրդում գործող տնօրենի հարազատների և մտերիմների մեծ ներգրավվածության մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արայիկ Հարությունյանը:
«Սպիտակ քաղաքի դպրոցներից մեկում տեղի է ունենալու տնօրենի ընտրություն։ Լուսանկարում այդ դպրոցի խորհուրդն է՝ գործող տնօրենի, ով միաժամանակ թեկնածու է, ընտանիքի ու գերդաստանի անդամներով։ Մարդու այս տեսակը յուրահատուկ ուսումնասիրության կարիք ունի, որովհետև այսքանից հետո նրանք ցանկանում են վերարտադրվել»,- գրել է նախարար Հարությունյանը:
Նա նաև նշել է՝ շուտով խորհուրդների ձևավորման կարգը կփոխվի, ինչը նման խայտառակություններ թույլ չի տա։ Նախարարի խոսքով, սակայն, օրենքը թույլ չի տալիս տնօրենի ընտրությունից երեք ամիս առաջ վերակազմավորել խորհուրդները։
«Լուսանկարից նաև ակնհայտ է դառնում, որ մարզպետարաններն ու նախկին իշխանությունները թքած ունեին կրթության կազմակերպման վրա։ Այլապես տնօրենի հորեղբոր որդին իրենց քվոտայով չէր հայտնվի ցուցակում»,- գրել է Արայիկ Հարությունյանը: