«Մի կողմից՝ ցույց է տրվում, որ Հայաստանում չկան անձեռնմխելիներ, մյուս կողմից՝ սա զգուշացում է բոլորին»

Հարցազրույց Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանի հետ

– Պարոն Ենոքյան, վարչապետին առընթեր Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովն ամրագրել է, որ ընտրակարգը պետք է լինի 100 %-անոց համամասնական՝ փակ ցուցակներով, իսկ անցողիկ շեմը որոշվել է իջեցնել 1-ական տոկոսով՝ դաշինքների և կուսակցությունների համար, այսինքն՝ 4 %՝ կուսակցությունների, 6 %՝ դաշինքների համար: Սա կապահովի՞ ազատ, արդար և մրցակցային ընտրություններ։

– Չենք կարող ասել՝ կապահովի՞, թե՞ ոչ, համենայն դեպս այդ մոտեցումն ավելի թափանցիկ և մրցակցային կլինի, բայց դժվար է հիմա ասել՝ ամբողջությա՞մբ մրցակցային կլինի, թե՞ ոչ։ Ամեն դեպքում, դա մի քայլ առաջ է եղածից։

– Ձեր կարծիքով՝ Հայաստանն արդեն նախընտրական պայքարի շրջանո՞ւմ է գտնվում։

– Շատ դժվար է ասել, որովհետև մենք չունենք թե՛ Ընտրական օրենսգիրք, որ հասկանանք՝ ինչպես պետք է պայքարենք, և թե՛ չունենք ընտրությունների ժամկետ, որը թույլ կտա հասկանալ կուսակցություններին՝ ինչպես մոբիլիզացնեն իրենց ռեսուրսները։ Միաժամանակ, ակնհայտ է, որ պետք է լինեն արտահերթ ընտրություններ։ Տարբեր քաղաքական ուժերն այս տատանումների մեջ են՝ արդյոք ամբողջ ինտենսիվությամբ անցնե՞լ նախընտրական պայքարի, թե՞ դեռևս ավելի առօրեական, ավելի հանգիստ ընթացքով գնալ։

– Ժամկետի առումով, ամեն դեպքում, որոշակի հստակություն կա՝ կառավարության ծրագրում գրված էր՝ 1 տարվա ընթացքում, արդեն մոտ 1 ամիս անցել է, այսինքն՝ շուրջ 11 ամիս է մնում։

– Այո, կարող է լինել մինչև 1 տարի, կարող է լինել նաև 3-4 ամիս։ Իսկ 1 տարի անընդհատ նախընտրական փուլում լինելը շատ դժվար, շատ ռեսուրսատար է։

– Քաղաքական ուժերի դիրքերն այսօր ինչպիսի՞ն են, ո՞վ է առավել ընկալելի ժողովրդի կողմից։

– Դեռ շուտ է այդ մասին խոսել, քաղաքական սպեկտրն ամբողջովին պարզ չէ, թե ովքեր են մասնակցելու, բայց, բնականաբար, իշխող «Ելքը» կամ «Քաղաքացիական պայմանագիրն» ավելի ընկալելի է, քան մնացած քաղաքական ուժերը, քանի որ մենք տեսանք, թե ինչպիսի բարձր լեգիտիմությամբ Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ։

– Անկախ նրանից, թե ինչքան մոտ ապագայում կկայանան ընտրությունները, Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժը կապահովի՞ մեծամասնություն խորհրդարանում։

– Համենայն դեպս, լուրջ ներկայություն կունենա, և հնարավոր է, այո՛, լինի բացարձակ մեծամասնություն։ Ամեն դեպքում նրանք միշտ կունենան տարբերակներ՝ այլ քաղաքական ուժերի հետ միասին մեծամասնություն կազմելու և կառավարություն կազմելու։

– Իսկ ո՞վ կլինի ընդդիմություն։

– Ընդդիմությունը կարող է շատ լայն սպեկտրով լինել՝ սկսած ծայրահեղ ազգայնական, ֆաշիստական ուժերից, ինչպիսիք են, օրինակ, «Սասնա ծռերը» կամ նրանց շուրջ ստեղծվող միավորումները, ընդհուպ՝ մինչև արևմտամետ լիբերալ բևեռ, որի անհրաժեշտությունը նույնպես կա, և դատարկ տեղը զգացվում է։ Այսինքն՝ սրանք բոլորն էլ կարող են լինել ընդդիմություն, որովհետև, այնուամենայնիվ, «Ելքը» հադես է գալիս ցենտրիստական, մի քիչ էլ՝ պոպուլիստական դիրքերից։

– Հանրապետականների շանսերն ինչպե՞ս եք գնահատում և ընդդիմադիր դաշտում տեսնո՞ւմ եք նրանց։

– Հանրապետականների շանսերը շատ ցածր են, և կարծում եմ՝ ինչքան ընտրություններն ուշ լինեն, այնքան հանրապետականներն ավելի վատ արդյունքներ կգրանցեն, որովհետև մենք տեսնում ենք, բոլոր բացահայտումները ցույց են տալիս, որ Հանրապետականը եղել է ոչ թե քաղաքական, այլ կրիմինալ միավորում։

– Գործարար, օլիգարխիկ պատգամավորներն էլ, մեկը մյուսի ետևից, դուրս են գալիս ՀՀԿ-ից։ Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ ընտրությունների ժամանակ նրանք չեն աջակցի ՀՀԿ-ին։

– Նրանք այլևս Հանրապետականին չեն տեսնում՝ որպես իրենց համար, այսպես ասած, տանիք, որը կապահովի նրանց գործունեությունը։ Եվ, այո՛, ընտրությունների ժամանակ հազիվ թե աջակցեն Հանրապետականին, հազիվ թե ֆինանսապես օգնեն։

– Իսկ այդ օլիգարխները, գործարար շրջանակներն ի՞նչ դիրք կորդեգրեն ընտրությունների ժամանակ։ Նիկոլ Փաշինյանն ասել է նրանց՝ կարիք չունեք լինել պատգամավոր, ձեր շահերը պաշտպանված կլինեն։

– Ես կարծում եմ՝ նրանք հազիվ թե մասնակցեն ընտրություններին քաղաքական առումով։ Որպես անհատ, բնականաբար, կգնան-կքվեարկեն։ Եվ այս դիրքորոշումը կլինի զուտ անհատական, չի լինի կազմակերպված օլիգարխիայի մոտեցում ընտրություններին։

– Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ օլիգարխիայի/բիզնեսի ու քաղաքականության տարանջատման սկիզբը գոնե դրված է։

– Այո։ Օրինակ՝ տեսնում ենք, որ Հանրապետականում այդ պրոցեսները գնում են, բայց «Բարգավաճ Հայաստանում» այդ պրոցեսները չեն գնում։

– Ու ի՞նչ կլինի «Բարգավաճ Հայաստանի» հետ։

– Շատ դժվար է, չեմ կարող կանխատեսել, որովհետև «Բարգավաճ Հայաստանը» դասական առումով չի կարողանում դառնալ կուսակցություն։ Այն մնում է մեկ անձի շուրջ միավորում, այն էլ՝ ոչ թե՝ քաղաքական, այլ՝ բարեգործական հետքերով։

– Այդ բարեգործությունն ի՞նչ ազդեցություն կունենա ընտրությունների վրա։ Հիշում ենք՝ նախորդ ընտրությունների ժամանակ ԿԸՀ-ն նկատողություն արեց Գագիկ Ծառուկյանին։

– Կարծում եմ՝ հիմա ավելի կոշտ կլինի այդ բարեգործության դեմ պայքարը, և դրանով շատ դժվար կլինի ձայներ գրավել։ Դա կլինի թույլ գործոն, այսինքն՝ կփորձեն աշխատացնել, բայց նաև կփորձեն դրա դեմն առնել։

– Հնարավո՞ր է՝ ունենանք միաբևեռ խորհրդարան։

– Չեմ կարծում, որ կլինի միաբևեռ, որովհետև չնայած «Ելքի» բարձր վարկանիշին, մինչև ընտրություններն այլ քաղաքական ուժերը նույնպես կկարողանան հանդես գալ։

– Նոր ուժերի ձևավորման մասին խոսեցիք, Ձեր նախորդ հարցազրույցներից մեկում ռուսական շահերի ներկայացվածության մասին էիք ասել։ Ձեր կարծիքով՝ ռուսամետները կնահանջե՞ն, թե՞ կփորձեն իրենց դիրքերը պահպանել Հայաստանի քաղաքական դաշտում։

– Կարծում եմ՝ նրանք կփորձեն ավելի ակտիվանալ քաղաքական դաշտում, օրինակ՝ հանձին Կարեն Կարապետյանի, և կարող են նաև այլ ուժեր լինել։ Նրանց շանսերը վատը չեն, որովհետև սիրո և համերաշխության հեղափոխությունը Հայաստանում լրջորեն ուժեղացրեց ռուսամետ տրամադրությունները և լրջորեն չեզոքացրեց արևմտամետ տրամադրությունները։

– Պարոն Ենոքյան, Ազգային անվտանգության ծառայությունն այս օրերին, առավել քան երբևէ, ժողովրդական սեր է վայելում։ Դուք ի՞նչ կարծիք ունեք ԱԱԾ-ի գործողությունների մասին, և դա ի՞նչ դաշտ է ստեղծում՝ ընտրություններին ընդառաջ։

– Գործողություններն էֆեկտիվ են, նախկինում եղած գործերին օպերատիվ լուծում է տրվում։ Ի՞նչ էֆեկտ կապահովի։ Կապահովի 2 էֆեկտ. նախ՝ կամաց-կամաց այն փողերը, կանխիկը, որը կար և կարող էր աշխատել ընտրությունների ժամանակ, այդ փողը կարծես բռնագրավվում է, աստիճանաբար դուրս է գալիս դաշտից, մտնում է բյուջե, մյուս կողմից էլ՝ այս գործողությունները բավականին լուրջ ժողովրդականություն են բերում իշխանություններին։

– Իսկ իրավապահների կողմից այդ «բռնել-թողնելու» երևույթն ինչպե՞ս եք գնահատում։ Այսքան ժամանակ 1-2 հոգի է ձերբակալվել կամ կալանավորվել։

– Գիտեք, դա մի քանի բացատրություն կարող է ունենալ. մի կողմից, իհարկե, ցույց է տրվում, որ Հայաստանում չկան անձեռնմխելիներ, մյուս կողմից՝ սա զգուշացում է բոլորին, և զուտ տեխնիկապես, կարծում եմ, այդ բռնել-թողնելու հետևանքով այդ մարդիկ ստորագրություն են տալիս Հայաստանից չբացակայելու և քննության ընթացքին օժանդակելու վերաբերյալ։

Տեսանյութեր

Լրահոս