«Ռուսաստանը փորձում է բարձրացնել Ղարաբաղյան պատերազմին իր միջամտության գինը»

«Ռուսաստանը պետք է փորձի բարձրացնել իր միջամտության գինը՝ հասկացնելով, թե որքան արժեքավոր գործընկեր է Հայաստանի և տարածաշրջանի համար»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում տիրող պայթյունավտանգ իրավիճակին:

Հիշեցնենք, որ մայիսի 26-ին Ադրբեջանի զինված ուժերի ստեղծման 100-ամյակին նվիրված զինվորական շքերթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթի համաձայն՝ «Լեռնային Ղարաբաղը ադրբեջանական տարածք է, Բաքուն երբեք չի ընդունի Ղարաբաղի օկուպացիան, Ադրբեջանը կվերականգնի իր վերահսկողությունը Ղարաբաղում և հարակից գրավյալ տարածքներում», և այլն:

Նա հայտարարել է նաև, թե Բաքուն շարունակելու է զենք գնել՝ ուժեղացնելու բանակը: Ալիևն ասել է, որ պատերազմը չի ավարտվել, ավարտվել է միայն առաջին փուլը: Ալիևը «հաղթանակ» է որակել 2016 թվականի ապրիլյան պատերազմն ու «2018 թվականի նախիջևանյան գործողությունը»: Իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը վերջերս պնդել էր, թե «վերջին տարիների ընթացքում երկրի ռազմական պոտենցիալն էականորեն մեծացել է և էականորեն փոխել Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հավասարակշռությունը՝ հօգուտ Ադրբեջանի»:

Միևնույն ժամանակ, ըստ ադրբեջանական մամուլի, ադրբեջանական բոլոր ստորաբաժանումները բերվել են բարձր մարտական պատրաստականության վիճակի, սպասելով հրամանի՝ ռազմական գործողություններ սկսելու համար: Թեև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ հրադադարի ռեժիմի խախտումներն աննախադեպ կերպով նվազել են:

Ուվե Հալբախը մեկնաբանեց, որ ադրբեջանական կողմը բոլոր հնարավոր ուղղություններով ճնշումներ է նախաձեռնել հակառակորդ Հայաստանի և միջնորդների նկատմամբ` ռազմական դաշտում, դիվանագիտական ուղղությունում և հռետորաբանության մակարդակում, մասշտաբային զորավարժություններով, և այլն, և այլն:

Բնականաբար, ըստ նրա՝ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը շատ մեծ է, քանի որ Ադրբեջանի ղեկավարությունը բացահայտորեն խոսում է հակամարտությունն ուժի գործադրման միջոցով լուծելու ցանկության մասին՝ նախապատրաստվելով պատերազմի:

«Այս լարված մթնոլորտում կրկին անհասկանալի պասիվություն են ցուցաբերում միջնորդները, ինչը կողմերին այլ ճանապարհ չի թողնում քան ընթանալ ստեղծված իրավիճակի տրամաբանությամբ: Համանախագահների այս քաղաքականությունն անընդունելի է: Հասկանալի է, որ ՀՀ իշխանությունները պատասխանելու են բավականին կոշտ կերպով, ինչի մասին նրանք ևս ակնհայտ խոսում են. բոլորի համար ակնհայտ է, որ կա բախման շատ մեծ հավանականություն:

Սակայն այստեղ կա մեկ այլ կարևոր հանգամանք, դա Միացյալ Նահանգների և Ռուսաստանի դիրքորոշումն է և աջակցությունը: Վստահաբար, եթե ադրբեջանական կողմը հստակ ուղերձներ ստանա, որ Հարավային Կովկասում պատերազմն այս գերտերություններին ձեռնտու չէ, չի անի նման բան: Ուստի կարծում եմ` լարվածության այս փուլը կհանգուցալուծվի գերտերություններից որևէ մեկի արձագանքով կամ աջակցության դրսևորումով, վերջին տարբերակը բացառում եմ»,- նման տեսակետ հայտնեց Հալբախը՝ հավելելով, թե որոշիչ խոսքը լինելու է Մոսկվայից և Երևանից:

Նա վստահեցնում է, որ նման խոսքերի շարքին կարելի է դասել նաև ՌԴ Պետդումայի խոսնակ Վոլոդինի Բաքվում արած հայտարարությունը, որը տարատեսակ մեկնաբանությունների տեղիք տվեց:

«ՌԴ ներկայացուցիչը հասկացրեց, որ Ռուսաստանի համար անընդունելի է խաղաղ բնակչությանը պատերազմով սպառնալու քաղաքականությունը, և Ռուսաստանը կառուցողական քննարկումներ է ցանկանում տեսնել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, քանի որ Ղարաբաղում պատերազմը հերթական ծանր փորձությունը կդառնա Ռուսաստանի, հայ-ռուսական հարաբերությունների, Ռուսաստանի արտաքին քաղաքականության համար:

Ուստի, իմ համոզմամբ, Ռուսաստանը որոշիչ պահի միջամտելու է, երբ ՌԴ նախագահ Պուտինը հարկ կհամարի անդրադառնալ այդ հարցին: Բայց քանի որ ՀՀ-ում նոր իշխանություններ են, Ռուսաստանը պետք է փորձի բարձրացնել իր միջամտության գինը՝ հասկացնելով, թե որքան արժեքավոր գործընկեր է Հայաստանի և տարածաշրջանի համար»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս