Twitter-ը հնարավորություն է ընձեռել գտնել հրապարակված ցանկացած գովազդային հաղորդում
Twitter միկրոբլոգների ցանցը գործարկել է ծառայություն, որի օգնությամբ օգտատերերը կկարողանան գտնել դրանում հրապարակված ցանկացած գովազդային հաղորդում, այդ թվում՝ քաղաքական բնույթի եւ տեղեկատվություն ստանալ այն մասին, թե ով է այն զետեղել։ Ինչպես ասված է սոցցանցի ինտերնետ-բլոգում հրապարակված հայտարարության մեջ, ծառայության խնդիրն է՝ ապահովել գովազդային հաղորդումների զետեղման թափանցիկությունը:
Մտնելով հատուկ ստեղծված ինտերնետ-էջ՝ օգտատերերը որոնման գործառույթի օգնությամբ կկարողանան գտնել ցանկացած գովազդային «թվիթ», ինչպես նաեւ համապատասխան տեղեկատվություն գովազդատուի վերաբերյալ:
Եթե խոսքը վերաբերում է քաղաքական գովազդին, ապա ներկայացվում են հավելյալ տվյալներ, ներառյալ դրա տեղաբաշխման համար ծախսված ֆինանսական գումարը, ինչպես նաեւ տեղեկատվություն այն մասին, թե ինչ լսարանի է միտված տվյալ հաղորդումը:
Ինչպես հետեւում է հայտարարությունից, ներկա փուլում կարելի է իրականացնել միայն քաղաքական այն գովազդի որոնումը, որը վերաբերում է ԱՄՆ-ի ֆեդերալ ընտրություններին, սակայն ժամանակի հետ սոցցանցը խոստանում է հնարավորություն տալ տեղեկատվություն ստանալու Twitter-ում զետեղված ցանկացած գովազդային հաղորդման վերաբերյալ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: