ԱՄՆ-ում Բարբի տիկնիկը ներկայացրել են ռոբոտատեխնիկի կերպարով
Mattel ամերիկյան կորպորացիան, որը թողարկում է ամբողջ աշխարհում հայտնի Բարբի տիկնիկները, ԱՄՆ-ում տիկնիկների նոր շարք է ներկայացրել ռոբոտատեխնիկայի գծով մասնագետների կերպարում: Դա արվել է այն բանի համար, որ աղջիկների շրջանում հետաքրքրություն առաջանա ծրագրավորման եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտությունների նկատմամբ: Այդ մասին հաղորդվում է ընկերության կայքում:
Նոր Բարբին տաբատով է, ջինսե կուրտկայով, աչքերին հատուկ պաշտպանական ակնոց է՝ սարքավորումների հետ աշխատելու համար: Տիկնիկի ձեռքին փոքր նոութբուք է, տիկնիկի հետ դրված է ռոբոտի մանրակերտը: Խաղալիքի հետ լրակազմում գնորդը երեխաների համար ծրագրավորման վեց վիրտուալ դաս է ստանում Tynker հավելվածում:
Դրանցում կպատմեն, մասնավորապես, ինչպես կառուցել ռոբոտ եւ ինչպես նրան սովորեցնել պարել: Ընկերության ներկայացուցիչները արձանագրել են, որ 2017 թվականին, ԱՄՆ-ի առեւտրի նախարարության տեղեկությունների համաձայն, գիտությանը, տեխնոլոգիաներին, տեխնիկային ու մաթեմատիկային վերաբերող թափուր տեղերի միայն 24 տոկոսն են զբաղեցրել կանայք:
Mattel-ում հայտարարել են «աղջիկների նոր սերունդ» դաստիարակելու անհրաժեշտության մասին, որոնք ավելի շատ կհետաքրքրվեն նշված ոլորտներով: Տեսահոլովակում, որը զետեղված է ընկերության կայքում, ընդգծվում է, որ դրա համար երեխաներին ընդօրինակման համապատասխան օրինակներ են հարկավոր, հաղորդել է ՏԱՍՍ-ը: