Որքան է ալկոհոլի թույլատրելի չափաբաժինը
Գիտնականներն ալկոհոլի «չափավոր» բաժին են որոշել նրանց համար, ովքեր չեն ցանկանում դրանից լիովին հրաժարվել: Համապատասխան հետազոտությունը հրապարակված է Eurekalert պորտալում։
Սրտաբանների ամերիկյան ասոցիացիայի աշխատակիցները վերլուծել են 18-ից մինչեւ 45 տարեկան 4 հազար 710 մարդկանց վերաբերող տվյալները, ուշադրություն դարձնելով այն բանի վրա, թե նրանք որքան հաճախ եւ ինչ քանակությամբ են ալկոհոլային խնիչքներ օգտագործում:
Պարզվել է, որ այն տղամարդկանց մոտ, որոնք իրենց թույլ են տվել չարաշահել ոգելից խմիչքները, բարձրացել են արյան ճնշումը եւ խոլեստերինի մակարդակը, իսկ կանանց մոտ դիտվել է արյան մեջ շաքարի բարձր մակարդակ: Նշվում է, որ տվյալների վերլուծության ժամանակ հաշվի են առնվել ինչպես սննդակարգը, այնպես էլ հետազոտության մասնակիցների ֆիզիկական ակտիվությունը:
Այդ կապակցությամբ մասնագետները որոշել են ալկոհոլի համեմատաբար անվտանգ չափաբաժինը, որպեսզի նվազագույնի հասցվեն ռիսկերը: Այն միջին հաշվով կազմում է ալկոհոլի մեկից մինչեւ երկու բաժին տղամարդկանց համար եւ մեկ բաժին՝ կանանց համար: Ընդ որում՝ մեկ բաժինը համարժեք է 350 գրամ գարեջրի, 100 գրամ գինու կամ 40 գրամ թունդ ալկոհոլային խմիչքների: Դրա հետ մեկտեղ գիտնականներն ընդգծել են, որ առավել նախընտրելի է ալկոհոլից լիովին հրաժարվելը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: