«ԵԿՄ նախագահի պաշտոնում տեսնում եմ Արամ Սարգսյանին». Ռոմիկ Մխիթարյան

Նախկին ԵԿՄ-ական, «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ բարձրաձայնեց ԵԿՄ-ում տեղի ունեցած մի շարք չարաշահումների մասին.

«Իմ դուրս գալուց հետո ԵԿՄ-ն չեմ ընդունում։ Երբ ԵԿՄ-ում սկսեցին վաճառել վկայականներ, զինանշաններ։ Այդ ժամանակվանից ես և պատերազմին մասնակցած տղաների 90 տոկոսը զերծ մնացին ԵԿՄ մուտք գործելուց։ ԵԿՄ իմ փոխարեն բերվել է Ալբերտ Բազեյանը, ստեղծվեց նոր վարչություն, միությունը վերածվեց նոր վարչության, վարչությունը դարձավ գործող և թելադրող քաղաքական մարմինը։ Հետո վարչության պատերազմ անցած ազնվաբարո տղաներին սարքեցին երկրապահ-հանրապետականներ, հետո դուրս մղեցին ՀՀԿ-ից, և տղաների մեծամասնությունն այդ ժամանակահատվածից պետք է դիմում գրեր և դուրս գար, բայց մնացին առայսօր»։

Նա նշեց, որ այդ ժամանակ ԵԿՄ-ից անհետացել է քարտադարանը, որից հետո ԵԿՄ-ն պետք է լուծարվեր. «Հետո կարծիքներ եղան, թե տարել են ԿԳԲ, պատճենել են, հետ են բերել։ Անցան որոշ ժամանակներ, Բազեյան Աբոյին հետևեց նոր վարչության նախագահը՝ Գրիգորյան Մանվելը: Իր ժամանակ ևս մեկ անգամ անհետանում է ԵԿՄ-ում քարտադարանը: Իմ տվյալներով՝ այդպես էլ քարտադարանը չի վերականգնվել, նոր քարտադարան է ստեղծվել»։

Խուդավերդյանն ասաց, որ ԵԿՄ-ում բոլոր գրանցված, ներդրում ունեցած մարդկանց համար շոկ էին վերջին բացահայտումները. «Մենք, որ եղել ենք պատերազմի դաշտում, շատ լավ գիտենք՝ ինչ է նշանակում սոված մնալ պատերազմի դաշտում, հետո հանկած իմանաս, որ արջերն ուտում են այն, ինչ նախատեսված էր մեզ համար»։

Նա նշեց, որ ցանկանում է դառնալ ԵԿՄ նախագահ. «Երբ ես լինեմ միության նախագահ, ես առաջին հերթին լուծարելու եմ ԵԿՄ-ն։ Երբ կհավաքվի կռված մասսան ԵԿՄ-ում, ես կընտրվեմ, ինչպես ընտրվեցի առաջին անգամ՝ 1750 ձայնով»։

ԵԿՄ վարչության անդամ, փոխգնդապետ Ռոմիկ Մխիթարյանն էլ նշեց, որ ԵԿՄ վարչության նախագահ ընտրվել է Վազգեն Սարգսյանը, և մինչև հիմա էլ նա է. «Կներես, Արա ջան, բայց ես չեմ հիշում, որ համագումարը 1750 ձայնով ընտրի Արա Խուդավերդյանին։ Ես հիշում եմ, որ առաջին ԵԿՄ համագումարին մենք միաձայն ընդունել ենք Վազգեն Սարգսյանին՝ որպես ԵԿՄ նախագահ, և առայսօր նա ԵԿՄ նախագահն է։ Ինչ վերաբերում է նրան, որ տղաների 90 տոկոսը գնաց, ապա բազմաթիվ ջոկատներ, հրամանատարներ, ազատամարտիկներ մնացել են ԵԿՄ-ում։ 1994թ. ես դարձել եմ Շենգավիթի ԵԿՄ վարչության նախագահը, և չափորոշիչն այնտեղ հենց պատերազմի մասնակից լինելն էր։ Իմ բաժանմունքում հատ-հատ ստուգվել են անձնական գործերը, այլ բան է, թե դրանից հետո ինչ է եղել։ Ես 2001թ. դադարեցրել եմ իմ նախագահությունը՝ ինչ-ինչ խնդիրների պատճառով»։

Ռոմիկ Մխիթարյանի խոսքով՝ առաջիկայում ԵԿՄ համագումար է լինելու. «Մոտակա օրերին վարչության վերջին նիստը կլինի, և վարչությունը համագումարի օրը կհայտարարի։ Արդեն իսկ այդ պահից ԵԿՄ վարչությունը լուծարվում է, և համագումարն է որոշելու ամբողջը»։

Նրա խոսքով՝ Մանվել Գրիգորյանի գործը բացարձակ կապ չունի ստեղծված իրավիճակի հետ. «ԵԿՄ-ի համար Մանվել Գրիգորյանի էջը փակված է»։

Ռոմիկ Մխիթարյանը ԵԿՄ նախագահի պաշտոնում տեսնում է Արամ Սարգսյանին. «Նա այն մարդն է, որ ընդունված է բոլորի կողմից»։

Արա Խուդավերդյանն էլ նշեց, թե ոչ բոլորի կողմից է ընդունված. «Առաջարկողների կողմից գուցե ընդունված է, բայց մարդիկ կան, որ դեմ են, որ չկռված մարդը դառնա ԵԿՄ նախագահ»։

«Հիսուս Քրիստոսն էլ բոլորի կողմից ընդունված չէ»,- արձագանքեց Մխիթարյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս