Հայաստանի ու Արցախի իշխանությունների միջև ձևավորվել է փոխվստահության բարձր մակարդակ. Արայիկ Հարությունյան

Արցախի նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանը համոզված է, որ ՀՀ և ԱՀ իշխանությունների միջև ձևավորվել է փոխվստահության բարձր մակարդակ, ինչը կերաշխավորի նրանց արդյունավետ և կուռ աշխատանքը: Հարությունյանը հանդես է եկել հայտարարության, որում, մասնավորապես, ասված է.

«Օրեր առաջ Արցախ այցելեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը, և ի թիվս մի շարք օրակարգային միջոցառումների, տեղի ունեցավ նաև ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ նրա հանդիպումը, որի ընթացքում ՀՀ վարչապետը կարևոր հայտարարություն արեց: Մասնավորապես, նա ընդգծեց, որ Արցախի գործընկերներին ու անձամբ նախագահ Բակո Սահակյանին անվերապահորեն աջակցում է իրական և բովանդակային փոփոխություններ իրականացնելու հարցում:

Կարևոր էր նաև Արցախից համապատասխան ուղերձի արտահայտումը, որը դրսևորվեց ՀՀ վարչապետին ուղղված նախագահի նամակում. «Կուզենայի ընդգծել, որ Արցախի իշխանությունները եւ անձամբ ես անվերապահորեն սատարում ենք Մայր Հայաստանում ժողովրդավարության ու օրինականության ամրապնդմանը, ինչպես նաեւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում բանակցային լիարժեք ձեւաչափի վերականգնմանն ուղղված Ձեր սկզբունքային քաղաքականությանը»:

Այս ուղերձների փոխանակման և Արցախի հանդեպ Նիկոլ Փաշինյանի ընդգծված ուշադրության ցուցադրման պայմաններում պետք է արձանագրել հետևյալ կետերը՝

1. ՀՀ և ԱՀ իշխանությունների միջև ձևավորվել է փոխվստահության բարձր մակարդակ, ինչը կերաշխավորի նրանց արդյունավետ և կուռ աշխատանքը՝ հանուն մեր հայրենիքի անվտանգության և ժողովրդավարական ու սոցիալ-տնտեսական զարգացման կայուն ապահովման:

2. Նիկոլ Փաշինյանը ապացուցում է, որ ինքը ոչ միայն ՀՀ վարչապետն է, այլ նաև իրեն դրսևորում է որպես համազգային առաջնորդ, որը բարձր վստահություն ունի նաև Արցախում ու Սփյուռքում: Հետևաբար, ժողովրդի մոտ արթնացած հույսն ու հավատը զուր չեն, և ազգովի ակնկալում ենք տեսնել Մայր հայրենիքում թափ առած ժողովրդավարական բարեփոխումների շարունակականությունն ու հաջողությունները:

3. Կարծում եմ՝ բոլորս պետք է հնարավորինս աջակցենք Հայաստանի և Արցախի Հանրապետություններում իրագործվող բարեփոխումների կայացմանը, քանի որ դրանցով է պայմանավորված մեր միասնական հայրենիքի ապահով ու արժանապատիվ ապագան: Այդ համատեքստում մեծ անելիք ունի Սփյուռքը՝ իր մարդկային ու ֆինանսական հարուստ ներուժով, առավել ևս, որ բարձր վստահության այս շրջանը բարենպաստ պայմաններ է ապահովում արդյունավետ ու անարգել գործունեության համար»:

Տեսանյութեր

Լրահոս