ԵԽ պատվիրակության ղեկավարը՝ ՀՀ-ԵՄ վիզային ռեժիմի ազատականացման մասին

«Հուլիսի 4-ին ԵԽ-ն իր վերջին քվեարկությունը կանցկացնի ԵՄ-Հայաստան համաձայնագրի վերաբերյալ։ Որևէ կասկած չունեմ, որ ճնշող մեծամասնությամբ կընդունվի այդ անկյունաքարային փաստաթուղթը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ԵԽ պատվիրակության ղեկավար Դեյվիդ Մքալիսթերը։

Նրա խոսքով՝ համաձայնագրի հաջող իրականացումը կօգնի ներգրավել ներդրումներ ԵՄ-ից, խթանել ԵՄ հետ առևտուրը, արձանագրել օգուտներ հայ ժողովրդի համար։ Նա անդրադարձավ նաև վիզային ռեժիմի ազատականացման խնդրին.

«Մենք պատրաստ ենք այդօրինակ երկխոսություն մեկնարկել, ինչքան հասկանում եմ՝ ընթացիկ պայմանավորվածություններ արդեն կատարվում են։ Բայց ես կուզենայի տեսնել ԵՄ անդամ երկրներում ապօրինի մնացողների քանակի նվազեցում։ Բարեփոխումները պետք է իրենց պտուղները բերեն»։

Մքալիսթերն անդրադարձավ նաև Արցախի հարցին՝ ընդգծելով, որ պետք է լուծում գտնել ԼՂ հակամարտությանը. «Նախ պետք է հարգվի զինադադարը, առճակատման հռետորաբանությունը պետք է դադարի, երկու կողմերը պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ, ինչպես և ասել եմ քանիցս։ Այս հակամարտության ռազմական լուծում չկա, ստատուս քվոն ընդունելի չէ երկու կողմում տառապող ազգաբնակչության համար»։

 

Տեսանյութեր

Լրահոս