Էդմոն Մարուքյանը ներկայացրեց Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու եղանակները
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր ճեպազրույցների ժամանակ ներկայացրեց ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու եղանակները:
Ըստ նրա` հարցը կարող է քննարկվել հենց վաղը ԱԺ արտահերթ նիստում, ոչ թե սեպտեմբերին՝ հերթական նստաշրջանի ժամանակ:
Է.Մարուքյանի խոսքով` Սահմանադրությամբ 2 սուբյեկտ կա արտահերթ նիստ հրավիրող՝ կառավարությունը և խորհրդարանը.
«Կառավարությունը կարող է նիստ գումարել, օրակարգի որոշման մեջ լրացում կատարել և ավելացնել ԱԺ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու մասին: Այդ հարցը կարող է ընդգրկվել արտահերթ նիստի օրակարգ, և մենք վաղը քննարկենք այն»:
Երկրորդ տարբերակով, ըստ նրա, պատգամավորները կարող են ստորագրահավաքի միջոցով արտահերթ նիստ հրավիրելը:
Է.Մարուքյանը պնդեց, որ դատախազի միջնորդությունն արտահերթ նիստում կարող են քննարկել, բայց պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու հարցը պարտադիր պետք է քննարկվի: Օրինակ, երբ ձերբակալվել էին ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը, այն ժամանակ էլ հերթական նիստ չկար, բայց դատախազությունը Փաշինյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն էր ներկայացրել և այն պատրաստվում էին քննարկել պատգամավորների ստորագրություններով արտահերթ նիստ հրավիրելու ճանապարհով: