«Դրան արդարացում չկա` ուզում է ես անեմ, ուզում է իմ տղան անի, ով ուզում է անի». Էդուարդ Շարմազանով

«Դրան արդարացում չկա` ուզում է ես անեմ, ուզում է իմ տղան անի, ով ուզում է անի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով Մանվել Գրիգորյանի առանձնատանը ԱԱԾ բացահայտումներին:

Ըստ նրա` կա անմեղության կանխավարկած, իավապահների գործողություններին ոչ ոք չպետք է միջամտնի, իրավապահները պետք է ամբողջական քննություն իրականացնեն.

«Երրորդ` ես իմ երեխայի աչքերին չեմ կարող նայել, եթե նման ստոր արարքը արդարացվի: Եթե պարզվի, որ այն, ինչ ԱԱԾ-ն, Նիկոլ Փաշինյանը հայտարարել են, դատարանով հաստատվի, դրան որևէ արդարացում չկա»:

Նա նշեց, որ ՀՀԿ-ն շուտով պաշտոնական գնահատական կտա: Է. Շարմազանովը պնդեց, որ Սերժ Սարգսյանը չի իմացել այս ամենի մասին:

Հարցին` հատկապես ապրիլյան պատերազմից հետո շատ հրապարակվեց բանակի միջոցները թալանելու մասին, արդյոք Սերժ Սարգսյանը տեղյա՞կ չէր այս թալանի մասին, Է. Շարմազանովը պատասխանեց. «Իհարկե, տեղյակ չէր»:

«Եթե պարզվի, որ սա իրականություն է, սրան արդարացում չկա»,- ասաց Է. Շարմազանովը:

Ըստ նրա` տեղի ունեցածը մեկ բառով որակելը դժվար է՝ վրդովմունք, հիասթափություն.

«Զինվորի փայը գողացողը, բանակից մեկ լումա գողացողը ամենախիստ բացասական գնահատականին է արժանի»:

Թե ինչպե՞ս կքվեարկի Շարմազանովը Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին, ԱԺ փոխնախագահը նշեց, որ մեկնում է և նիստին ներկա չի լինելու, նաև դատախազությունը դեռևս միջնորդություն չի ներկայացրել ԱԺ:

Տեսանյութեր

Լրահոս