«Վլադիմիր Պուտինն իր վրա պատասխանատվություն չվերցրեց հայ-ադրբեջանական հարաբերությունների հետագա ընթացքի համար». Գելա Վասաձե

Հարցազրույց Կովկասի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի քաղաքական վերլուծաբան, վրացի քաղաքագետ Գելա Վասաձեի հետ

– Պարոն Վասաձե, ինչպիսի՞ն է այսօր Վրաստանում իրավիճակը և, Ձեր կարծիքով, ի՞նչ հունով կընթանան զարգացումները, արդյոք հանգուցալուծումը կլինի էվոլյուցիոն ճանապարհո՞վ, թե՞ հեղափոխական սցենարներն էլ անհավանական չեն: Եվ ի՞նչ զուգահեռներ կարող եք անցկացնել հայաստանյան իրադարձությունների հետ:

– Չի կարելի ասել, որ Վրաստանում բողոքի ակցիաներն այսօր ակտիվ շարունակվում են: Բայց մարդիկ ոտքի են ելել այն անարդարության դեմ, որ առկա է երկրում, և, կարելի է ասել, որ բողոքի ակցիաները գտնվում են ծխացող կրակի վիճակում: Բայց ասել, որ դրանք զանգվածային ակցիաներ են, ոչ:

Հայկական և վրացական «հեղափոխությունների» միջև զուգահեռներ տանելը դժվար է: Կարելի է միայն ասել, որ և՛ այս, և՛ Հայաստանի իրադարձությունների պատճառը մարդկանց դժգոհությունը և փոփոխությունների պահանջն է եղել:

– Վրաստանի կառավարող կուսակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրել Մամուկա Բախտաձեին: Քաղաքագետնեը կարծում են, որ դա միայն կամրացնի երկրում Բիձինա Իվանիշվիլիի ազդեցությունը: Դուք ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը:

– Ես համամիտ եմ քաղաքագետների հետ, որ սա կամրապնդի Բիձինա Իվանիշվիլիի ազդեցությունը մեր երկրում, որովհետև Մամուկա Բախտաձեն Իվանիշվիլիի շատ մտերիմ ընկերն է, բայց ամեն դեպքում նրա ազդեցությունն առանց այդ էլ շատ լուրջ էր: Խնդիրն այն է, որ վերջին շրջանում իշխանության ներսում տարբեր խմբավորումների մեջ պայքարը ստիպել է Բիձինա Իվանիշվիլիին վերադառնալ հրապարակային քաղաքականություն և, ընդհանուր առմամբ, դրա արդյունքում, բնականաբար, գերադասել է նշանակել անձնավորության, որը մտերիմ ու հավատարիմ է իրեն: Ահա այսպիսին է իրադրությունը Վրաստանում:

– Ձեր նախորդ հարցազրույցներից մեկում Դուք հայտարարել էիք, որ Հայաստանում և Վրաստանում քաղաքականությամբ առավելապես զբաղվում են վարչապետները: Հայ-վրացական հարաբերությունների վրա ինչպե՞ս կազդի երկու երկրներում վարչապետների փոփոխությունը, ու ի՞նչ տպավորություն ունեք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Վրաստան այցից:

– Հայաստանն ու Վրաստանը խորհրդարանական կառավարման երկրներ են, և այն, որ վարչապետներն են զբաղվում ակտիվ քաղաքականությամբ, քաղաքագիտական փաստ է: Ինչ վերաբերում է փոփոխություններին, ես չեմ կարծում, որ լուրջ փոփոխություններ կլինեն հայ-վրացական հարաբերություններում, որովհետև դրանք արդեն բավականին լավ են զարգանում, մենք բարի հարևաններ ենք, և Նիկոլ Փաշինյանի այցը Վրաստան դա ևս մեկ անգամ հաստատեց: Դրա համար խոսել ինչ-որ թռիչքային փոփոխությունների մասին՝ մենք չենք կարող: Միաժամանակ, փառք Աստծո, որևէ վատթարացում նույնպես չի լինելու: Այսինքն` հայ-վրացական հարաբերությունները կշարունակեն զարգանալ հանգիստ էվոլյուցիոն ճանապարհով:

– Վերջին շրջանում Արցախում և Նախիջևանում իրադրության լարվածության ավելացում կա: Դուք ինչպե՞ս եք գնահատում անվտանգությունը տարածաշրջանում:

– Հայ-ադրբեջանական հակամարտության գոտում վերջին իրադարձությունների վերաբերյալ կարող եմ նշել, որ, բնականաբար, այն, որ ամբողջ տարածաշրջանն է մտել քաղաքական լարվածության մեջ, դա չի կարող չազդել ընդհանուր զարգացումների վրա: Ավելին, կարծում եմ, որ այսօր Հայաստանն ու Վրաստանը գտնվում են պատերազմական իրադրությունում, և եթե խաղաղություն ձեռք չբերվի ու պատերազմը շարունակվի, ապա ոչ միայն՝ նմանատիպ, այլ նաև՝ հակամարտության ավելի լարված փուլեր կարող են սկսվել: Ավելին, ես կասեի` դա անխուսափելի կլինի:

– ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում Նիկոլ Փաշինյանին ծանոթացրել է Իլհամ Ալիևի հետ: Դրանից հետո Փաշինյանն ասել է, որ դա եղել է միայն ծանոթության արարողություն, այլ խոսակցություն չի եղել: Ձեր կարծիքով` Ալիևն ինչպե՞ս է ընկալում Հայաստանում իշխանության փոփոխությունն ու Փաշինյանի հայտարարությունը, որ Ստեփանակերտը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ:  Եվ Դուք տեսնո՞ւմ եք նման հնարավորություն:

– Իսկապես, Վլադիմիր Պուտինը միայն ծանոթացրել է Փաշինյանին Ալիևի հետ և իր վրա պատասխանատվություն չվերցրեց հայ-ադրբեջանական հարաբերությունների հետագա ընթացքի համար: Հասկանալի է, որ նման իրավիճակում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները չէին կարող բանակցային սեղանի շուրջ նստել: Թեև դա ևս անխուսափելի է վաղ թե ուշ, և լավ կլիներ, որ բոլորը դա հասկանային:

Ալիևը, իհարկե, գիտակցում է, որ Հայաստանում իշխանություն է փոխվել, և այն ամենը, որ հետևել է դրան: Բայց պարզ է նաև, որ Ադրբեջանը երբեք չի գնա նրան, որ Ստեփանակերտը նստի բանակցային սեղանի շուրջ: Դա անհնար է` ելնելով նրանից, թե ինչպիսին է այսօր ադրբեջանական կողմի դիրքորոշումը: Կարծում եմ` դուք էլ դա լավ գիտեք, և հարցը, ըստ էության, հռետորական է:

Գայանե Խաչատրյան

 

Տեսանյութեր

Լրահոս