«Ես ընկրկող չեմ». Արծվիկ Մինասյանը՝ իր և վարչապետի թեժ բանավեճի մասին
«Սովորական աշխատանքային մթնոլորտ էր, ես խնդրում եմ, կենտրոնացրեք վերջնական եզրակացության վրա, որ վարչապետը հնչեցրեց` պարտադիր կուտակայինի հարցը մեր կառավարության համար փակված չէ, և դրա սահմանադրականության, դրա արդյունավետության խնդիրն առաջիկայում կքննարկվի»,- այսօր ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների ՀՅԴ-ական նախարար Արծվիկ Մինասյանը` մեկնաբանելով երեկ կառավարության արտահերթ նիստում իր և վարչապետի թեժ բանավեճը:
Նա պնդեց, որ ինքն իր սկզբունքը պահել է, և այն շատ հստակ է. «Ես դեմ եմ եղել պարտադիր կուտակայինին, առայժմ շարունակում եմ մնալ այդպիսին, քանի դեռ հակառակում համոզված չեմ: Երեկվա նախագիծը ոչ թե պարտադիր կուտակայինը ներդնելու մասին էր, այլ հուլիսի 1-ից ներդրվող նախագծի մեղմացման մասին էր»:
Դիտարկմանը, որ վերջին պահին ընկրկել է, Ա.Մինասյանը հակադարձեց. «Չկա այդպիսի բան, ես ընկրկող չեմ: Ես ձեզ առաջարկում եմ՝ առաջիկայում, երբ մենք պարտադիր կուտակայինը սահմանադրականության տեսակետից քննարկման առարկա կդարձնենք, այն ժամանակ դուք կհիշեք այս քննարկումները, և մենք կխոսենք»:
Ա.Մինասյանի հավաստմամբ` նոր կառավարությունում դեմ քվեարկելու հետ կապված որևէ խնդիր չկա: