«Սուպերվաչապետի ինստիտուտը վերացնելու համար նախ պետք է իմանալ, թե ինչ երկիր ես ուզում կառուցել». Արմեն Բադալյան

«Սա մի քիչ ավելի լուրջ հարց է, որովհետև սուպերվարչապետի ինստիտուտը դուք չեք կարող մեխանիկորեն փոխել, վերցնել օրենքը և այս լիազորությունն այս մի մարմնին հանձնեք, մյուս լիազորությունը՝ մյուս մարմնին: Այսինքն՝ սա մեխանիկական գործընթաց չէ։ Սուպերվարչապետի ինստիտուտը վերացնելու համար նախ պետք է իմանալ, թե ինչ երկիր ես ուզում կառուցել, այդ երկրում իշխանության մարմիններն ինչ լիազորություններ են ունենալու, և այլն»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով սուպերվարչապետության խնդրին։

Ըստ նրա՝ փոփոխությունները պետք է կատարվեն երկրի ապագայի վերաբերյալ պատկերացումների համաձայն, իսկ այդ պատկերացումների բացակայության դեպքում սուպերվարչապետի ինստիտուտի փոփոխությունը դառնում է անիմաստ գործընթաց և կարող է լիազորությունների «կռվախնձոր» դառնալ. «Դա արդյունք չտվող մեթոդ է»։

Դիտարկմանը, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ պետք է փոխել Սահմանադրությունը և բալանսավորել իշխանության թևերի գործունեությունը, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին՝ հայտարարել է, որ Հայաստանում չկա երկիշխանություն, կա մեկ իշխանություն` ժողովրդի իշխանություն` ի դեմս ժողովրդի վստահությունը վայելող վարչապետի և կառավարության, և իշխանությունը հավասար բաշխելը նշանակում է՝ անիշխանություն, Ա.Բադալյանը նշեց, որ դա է խնդիրը, որ քանի դեռ իշխանությունը՝ վարչապետն ու իր թիմակիցները, չեն տվել այն երկրի տեսլականը, որին ձգտում են հասնել, այսինքն՝ չկա այն պատկերացումը, թե Հայաստանն ի վերջո ինչպիսի երկիր է լինելու, ով ինչ իշխանություն է ունենալու, հնարավոր է՝ իշխանության տարբեր մարմինների միջև լինեն տարբեր պատկերացումներ լիազորությունների սահմանների վերաբերյալ։

«Եթե արտահերթ խորհրդարանական ընտրություն լինի, ընդունենք՝ հաղթում է ինչ-որ մի ուժ, պարտադիր չէ, որ գործող վարչապետն իր թիմով 50+1 ձայն ստանա, դաշինք լինի և այլ մարդ լինի ԱԺ նախագահ, նա էլ կփորձի իր լիազորությունները մեծացնել։ Այսինքն՝ հնարավոր է նաև նման զարգացում։ Դրանից խուսափելու համար ընդամենը պետք է վարչապետն իր թիմակիցներով ցույց տա այն երկրի տեսլականը, որին ձգտում է հասնել։ Ըստ այդ տեսլականի՝ կպարզեն՝ ինչպիսի Սահմանադրություն է պետք, և դրանում ինշխանության որ ճյուղն ինչպիսի լիազորություն պետք է ունենա։ Բայց այդ նպատակը պետք է լինի, քանի դեռ չկա, ամեն մեկը փորձելու է դեպի իրեն քաշել վերմակը»,- ասաց Ա.Բադալյանը։

Ամեն դեպքում, ըստ նրա, փոփոխություն անհրաժեշտ է։ Հարցին՝ հնարավո՞ր է՝ վարչապետը չգնա փոփոխությունների, և ներկայիս համակարգը մնա, փորձագետը դժվարացավ պատասխանել. «Չեմ կարող ասել, դա կախված է իրենից և իր թիմակիցներից»։

Դիտարկմանը, որ սուպերվարչապետության մասին Ն.Փաշինյանի նախկին քննադատություններից ելնելով՝ նա պետք է գնա փոփոխությունների, Ա.Բադալյանը պատասխանեց.

«Այս աշխարհում այնքան երևույթներ կան, որ նախընտրական կամպանիայի ժամանակ մի բան են ասում, իշխանություն ստանալուց հետո՝ ուրիշ բան։ Դրա լավագույն օրինակը՝ ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանությունն ընդունելու վերաբերյալ նախագահի թեկնածուների խոստումներն են, երբ մինչև ընտրվելն ասում են, թե ցեղասպանություն է տեղի ունեցել, իսկ նախագահ դառնալուց հետո ասում են՝ դա եղեռն էր։ Նման օրինակները բազմաթիվ են, այնպես որ, ես չեմ կարող ասել՝ վարչապետը կփոխի՞, թե՞ ոչ։ Եթե չփոխի էլ, դա ոչինչ չի նշանակելու։ Դա լրիվ այլ հարց է»։

Ա.Բադալյանի խոսքով՝ դա կախված է նրանից, թե նախընտրական շրջանում այդ հարցին ինչպես կմոտենան մասնակիցները, ինչ քարոզարշավ կիրականացնեն, վարչապետի այդ չփոխելու դիրքորոշումը նրա դեմ գրագե՞տ, թե՞ անգրագետ կօգտագործեն.

«Այսինքն՝ դա բազմաթիվ այլ հարցերից է կախված, թե ընդունենք այս ենթադրյալ սուպերվարչապետի ինստիտուտի ինչպիսի փոփոխությունն ինչպես կազդի նրա թիմակիցների վրա ապագա արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ»։

Տեսանյութեր

Լրահոս