«Այո՛, լինելու է տուգանքների գների նվազեցում, նաև արագաչափերի վերանայում է լինելու». Վալերի Օսիպյան
«Գաղտնիք չէ, որ տարիներ շարունակ արագաչափերը և տեսանկարահանող սարքերը եղել են ՀՀ քաղաքացիներին թալանելու ուղղակի ամենակարճ ճանապարհներից մեկը՝ որոշ ընտանիքներին սարքելու մուլտի-միլիարդատերեր: Ես ձեզանից չեմ պահանջում քաղաքական գնահատական և չեմ ուզում՝ ասեք՝ համաձայն եք ինձ հետ, թե ոչ, որովհետև ինձ հետ համաձայն են ՀՀ 3 մլն-ից քիչ ավելի քաղաքացիներ»,- այսօր ԱԺ մշտական հանձնաժողովներում 2017-ի բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով ոստիկանապետ Վալերի Օսիպյանին։
Նա հետաքրքրվեց, թե վերանայվելո՞ւ է արագաչափերի և տեսանկարահանող սարքերի գործարկմամբ երթևեկության կանոնների խախտման համար տուգանքների պրակտիկան, որը շատ ցավոտ հարց է ՀՀ այն քաղաքացիների համար, որոնց տները բանկերում գրավադրվել են միայն այն պատճառով, որ «տարբեր թփերի տակ տեղադրված են եղել արագաչափեր՝ ընդամենը մեկ նպատակով՝ ոչ թե երթևեկության անվտանգություն ապահովելու, այլ՝ թալանելու համար»։ Այս պրակտիկան Ն.Զոհրաբյանը որակեց՚ որպես «պարզ, պրիմիտիվ ջեբկիրություն»:
Վ.Օսիպյանը համաձայնեց, որ այդ հարցը հետաքրքրում է ողջ հասարակությանը։ Նա նշեց, որ առաջարկություններ ունեն ներկայացնելու կառավարությանը՝ ուսումնասիրելով միջազգային պրակտիկան:
«Այո՛, լինելու է տուգանքների գների նվազեցում, նաև արագաչափերի վերանայում է լինելու, արդյո՞ք արագաչափերը պետք է մնան, թե՞ չմանան, շարժակա՞ն արագաչափեր լինեն, թե՞ ոչ: Մենք կտեղեկացնենք հասարակությանը։ Ոստիկանությունն ունի բազմաթիվ բողոքներ, բայց հավաստիացնում եմ, բողոքների մեծ մասը վերաբերում է ոչ թե՚ արագաչափերին, այլ՝ տեսանկարահանող սարքերին։ Բայց դա չի նշանակում, որ մենք արագաչափերի հարցը չենք վերանայելու: Մեկ ամսվա ընթացքում այդ առաջարկները կներկայացնենք կառավարությանը»,- ասաց Վ. Օսիպյանը: