Պյոտր Սվիտալսկին վստահեցնում է՝ ԵՄ-Հայաստան համաձայնագիրը պատշաճ ժամկետում կվավերացվի
Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացը ընթանում է ըստ նախանշված օրակարգի: Հունիսի 2-ին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ ընդգծելով, որ վավերացման հարցում անհանգստանալու կարիք չկա:
«Հունիսի 1-ից Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն անցել է ժամանակավոր հիմքով իրականացման: Այս պահին համաձայնագրով նախատեսված դրույթների 80 տոկոսը ուժի մեջ են մտնում: Վավերացման գործընթացը Եվրամիության անդամ երկրներում ընթանում է ըստ նախանշված օրակարգի: Որոշ անդամ երկրներ արդեն վավերացրել են այդ համաձայնագիրը, իսկ մյուսները բավականին առաջադիմել են այդ գործընթացում: Հուլիսին Եվրոպական խորհրդարանը կանցկացնի քվեարկություն: Եվ, հետևաբար, պետք է վստահ լինել, որ համաձայնագիրը Եվրոպայի Միության բոլոր անդամների կողմից պատշաճ սահմանված ժամկետում կվավերացվի»,- ընդգծեց Սվիտալսկին և հավելեց, որ այսօր` Եվրոպայի օրը, լավ առիթ է դա տոնելու: