ՀՀ-ԵՄ համաձայնագիրը մտնում է պայմանական կիրարկման փուլ
Այսօրվանից պայմանական կիրառման մեջ է մտնում «Եվրոպական միության և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը», որը 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայացած Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում ստորագրվել էր ԵՄ Բարձր ներկայացուցիչ, Միության փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինինիի և ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի կողմից:
Համաձայնագիրն ընդգրկում է քաղաքական, առեւտրային եւ այլ ոլորտային հարցեր` շրջակա միջավայրից մինչև գնումների ընթացակարգեր, արձանագրելով այն փաստը, որ Եվրամիության և Հայաստանի միջեւ հարաբերությունները կրում են համապարփակ բնույթ և, որ առկա է այդ համագործակցության ընդլայնման զգալի ներուժ:
Համաձայնագիրը մշակված է այնպես, որ շոշափելի օգուտ բերի Եվրոպական միության եւ ՀՀ քաղաքացիներին, որը կիրականացվի, օրինակ, անվտանգության հարցերով համագործակցության ամրապնդման, ներդրումային միջավայրի բարելավման, ինչպես նաև աճի խթանման եւ նոր աշխատատեղերի ստեղծման միջոցով: Համաձայնագրի զգալի մասն այսօրվանից կմտնի պայմանական կիրարկման դաշտ: Սա նշանակում է, որ Եվրամիության ու Հայաստանի միջև այժմ կձևավորվի նոր՝ քաղաքական բնույթի կանոնավոր երկխոսություն իրականացնելու, ներքին բարեփոխումներին առնչվող հարցերի ուղղությամբ աշխատելու, և ի թիվս այլոց, տրանսպորտի, էներգետիկայի, բանկային եւ ֆինանսական ծառայությունների, ապաստանի և սահմանային կառավարման ոլորտներում համագործակցելու շրջանակը:
Բացի այդ, այսօրվանից ուժի են մտնում Համաձայնագրի առեւտրին առնչվող դրույթները, որը ԵՄ-ին եւ Հայաստանին հնարավորություն կընձեռի, օրինակ, աշխատել Հայաստանի օրենսդրական դաշտի բարելավման ուղղությամբ՝ դրանով իսկ բարելավելով գործարար միջավայրը ինչպես նաև ավելի բարենպաստ ներդրումային հնարավորություններ ստեղծելով Հայաստանի եւ ԵՄ ընկերությունների համար: Հայաստանի կողմից Համաձայնագիրն արդեն իսկ վավերացվել է. ներկայում այն գտնվում է ԵՄ անդամ պետությունների կողմից վավերացման փուլում:
Համաձայնագիրն ուժի կմտնի, երբ կավարտվեն ԵՄ անդամ պետությունների կողմից վավերացմանն ուղղված ընթացակարգերը, և ԵՄ հաստատման գործընթացը: Հավելյալ տեղեկատվությունը հասանելի է ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի եւ ԵՄ-Հայաստան հարաբերությունների մասին ամփոփ տեղեկանքներում, ինչպես նաեւ Հայաստանում ԵՄ պատվիրակության կայքէջում: Համաձայնագրի ամբողջական տեքստը հասանելի է առցանց:
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն