Բաժիններ՝

ՉԺՀ-ի ընկերություններն առաջին անգամ երկու տեղ են զբաղեցրել աշխարհի ամենաթանկ բրենդների թոփ-10-ում

Tencent եւ Alibaba չինական ընկերությունները պատմության մեջ առաջին անգամ միանգամից երկու դիրք են զբաղեցրել աշխարհի ամենաթանկ բրենդների BrandZ Top 100, 2018-ի առաջին տասնյակում, տեղավորվելով համապատասխանաբար հինգերորդ ու վեցերորդ հորիզոնականներում: Այդ մասին մայիսի 30-ին հայտնել է China Daily թերթը:

Վարկանիշի համաձայն, հեռահաղորդակցությունների բնագավառում չինական հսկայի՝ Tencent բրենդի արժեքը կազմել է 179 մլրդ դոլար, ինչը 65 տոկոսով ավելի է անցյալ տարվա համեմատությամբ: Այն դեպքում, երբ ՉԺՀ-ի էլեկտրոնային առեւտրի բնագավառի առաջատարներից մեկի՝ Alibaba-ի ոչ նյութական ակտիվը գնահատվում է 113,4 մլրդ դոլար. դա 92 տոկոսով գերազանցում է նախորդ հաշվետու ժամանակաշրջանի ցուցանիշը:

«Բրենդները, որոնք հաղթում են մարկետինգային հետախուզության (Marketing intelligence, MI, շուկայի հետախուզում, արտաքին միջավայրի փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվության մշտական հավաքում) արդի դարաշրջանում, այդ թվում՝ այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Tencent-ը եւ Alibaba-ն, սպառողներին դնում են իրենց բոլոր բիզնես-գործընթացների կենտրոնում»,-թերթը մեջբերում է Դորին Վանի՝ Kantar Millward Brown հետազոտական ընկերության BrandZ ստորաբաժանման ղեկավարի խոսքը, որն զբաղվում է վարկանիշը կազմելով:

Ինչպես հայտնել է թերթը, 2006 թվականին BrandZ Top 100-ում Չինաստանից տեղ էր գտել միայն մեկ ընկերություն՝ China Mobile շարժական օպերատորը: Այս տարի վարկանիշը հաշվում է 14 չինական մասնակիցների, որոնց թվում առավել մեծ աճը ցուցաբերել է ցուցակի 59-րդ հորիզոնականում տեղավորված ՉԺՀ-ի Էլեկտրոնային կոմերցիայի շուկայի ներկայացուցիչ JD.com.-ը:

Ընկերության բրենդի արժեքը վերջին մեկ տարվա ընթացքում աճել է 94 տոկոսով՝ մինչեւ 21 մլրդ դոլար: Նշվում է, որ «առաջին տասնյակի ութ դիրքերն զբաղեցրել են տեխնոլոգիական ընկերությունները»: Բացի չինական մասնակիցներից, վարկանիշի թոփում նաեւ տեղ են գտել Google-ը (302 մլրդ դոլար), Apple-ը (300,6 մլրդ դոլար), Amazon-ը (207,6 մլրդ դոլար), Microsoft-ը (200,1 մլրդ դոլար), Facebook-ը (162,1 մլրդ դոլար), Visa-ն (145,7 մլրդ դոլար), MacDonalds-ը (126,1 մլրդ դոլար) եւ AT&T-ը (106,7 մլրդ դոլար), հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս