«Մենք պետք է աշխատենք նոր, համատեղ նախագծերի շուրջ, և մենք համոզված ենք, որ հայ-վրացական չլուծվող խնդիրներ չկան». Նիկոլ Փաշինյան

Հայաստանի քաղաքական օրակարգում Վրաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը առանձնահատուկ նշանակություն ունի: Թբիլիսիում Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք միշտ աշխատել ենք հայ-վրացական հարաբերությունների զարգացման համար՝ անկախ նրանից, թե ինչ գործունեությամբ ենք զբաղվել: Ես ինքս՝ որպես լրագրող, որպես պատգամավոր, իսկ հիմա արդեն որպես Հայաստանի վարչապետ, իմ ուժերի ներածին չափով ամեն ինչ արել եմ հայ-վրացական հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար: Եվ ես զգում եմ, որ հայտնվել ենք կոնկրետ իրավիճակում, երբ բազմաթիվ ցանկություններ իրագործելու հնարավորություն ունենք»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ այն դրական մթնոլորտը, որը կա հայ-վրացական հարաբերություններում, կարող է վերածվել հստակ արդյունքների տնտեսական, քաղաքական հարաբերություններում, համագործակցության այլ ոլորտներում: «Եվ ես հույս ունեմ, որ մենք առաջիկայում միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացման շնորհիվ կկարողանանք կոնկրետ արդյունքներ արձանագրել երկկողմ համագործակցության բոլոր ոլորտներում»,- նշեց վարչապետ Փաշինյանը:

Նա նշեց, որ Վրաստանի գործընկերոջ հետ քննարկել է հայ-վրացական հարաբերություններում երկարաժամկետ տեսլականի անհրաժեշտությունը: «Համոզված եմ, որ մենք ունենք երկարաժամկետ և կարճաժամկետ ընդհանուր շահեր, և մենք պետք է ամեն ինչ անենք ոչ միայն կարճաժամկետ շահերի օպերատիվ խնդիրները լուծելու համար, այլ նաև պետք է մտածենք երկարաժամկետ կտրվածքով, որպեսզի կարողանանք իրողություններն ավելի մասշտաբային գնահատել և այսօրվա գործողությունները կառուցել ապագայի և երկարաժամկետ համագործակցության տրամաբանությամբ»,- շեշտեց ՀՀ վարչապետը:

Վարչապետ Փաշինյանը հիշեցրեց, որ Հայաստանն ու Վրաստանն ունեն համատեղ նախագծեր՝ ընդգծելով, որ ակտիվորեն աշխատելու են այդ նախագծերը ժամանակին և բարձր որակով իրագործելու համար:

«Մենք պետք է աշխատենք նոր, համատեղ նախագծերի շուրջ, և մենք համոզված ենք, որ հայ-վրացական չլուծվող խնդիրներ չկան, որովհետև խնդիրների լուծման ամենակարևոր գործոնը տրամադրվածությունն ու ցանկությունն է: Մեր պատվիրակությունը Թբիլիսի է եկել հավաստելու մեր պատրաստակամությունը, եղբայրության և բարեկամության ոլորտում քննարկելու բոլոր հարցերը: Մենք համոզված ենք, որ այս մթնոլորտը և տրամադրվածությունը կարող է լրջագույն զարգացումներ բերել մեր հարաբերություններում: Ես շատ ուրախ եմ, որ Վրաստանի վարչապետն էլ նույն տրամադրվածությունն ունի Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու հարցում: Մենք գտնվում ենք հարաբերությունների զարգացման մի հանգրվանում, որտեղ հնարավորություն կա մեծ լիցք, մեծ թափ և էներգիա հաղորդել մեր հարաբերություններին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ Վրաստանի վարչապետի հետ հանդիպման ընթացքում կարևորել են տարածաշրջանային կայունությունը: «Մենք տարածաշրջանային կայունության, անվտանգության և խաղաղության շուրջ քննարկումներ ունեցանք: Այստեղ նույնպես մենք պետք է մեր ջանքերը համատեղենք, քանի որ տարածաշրջանային խաղաղությունը կարևոր գերակայություն է մեզ համար և հետագա զարգացումների կարևոր նախապայման է»:

ՀՀ վարչապետը նշեց, որ Վրաստան են ժամանել հայ-վրացական համագործակցության համար հստակ հեռանկարներ բացելու, հստակ խնդիրներ լուծելու հնարավորություն ստեղծելու համար՝ համոզվածություն հայտնելով, որ հայ-վրացական հարաբերություններում կլինեն լրջագույն և նոր զարգացումներ, որոնք կբխեն երկու երկրների ազգային շահերից:

Տեսանյութեր

Լրահոս