Բաժիններ՝

«Մամուլի համար ստեղծված իրավիճակը և ժողովրդավարական պետություն ունենալու հեռանկարը բացառիկ հնարավորություն է»

ՀՀ սփյուռքի նախարարությունում մեկնարկած համահայկական 9-րդ համաժողովին  այս տարի մասնակցում են լրատվամիջոցների ներկայացուցիչներ Հայաստանից ու Արցախից, ինչպես նաև 70 երկրից ժամանած սփյուռքահայ լրագրողներ: Համաժողովի մասնակիցները քննարկելու են հարցերի լայն շրջանակ՝ Հայաստանի առաջին հանրապետության լրագրությունից մինչև լրատվամիջոցներում հայաստանյան վերջին իրադարձությունների արձագանքներն ու դրանցում լրագրողների դերը:

«Լրատվամիջոցներն օրեր առաջ երկրում կատարվող իրադարձությունների մասին ժամանակին, համալիր կերպով իրազեկել են ընթերցողներին, հեռուստադիտողներին: Մեդիան քարոզչամիջոց չէ, լրագրողներն էլ քաղաքական գործիչներ չեն: Մամուլի խնդիրը չէ այս կամ այն քաղաքական գործըթնացների կամ հասարակության վրա ազդելը, նրանց ուղղորդելը: Լրատվամիջոցները պետք է շարունակեն աշխատել այնպես, ինչպես աշխատել են՝ մասնագիտական բարեխղճության և օրենքի սահմաններում: Մամուլի համար ստեղծված իրավիճակը և ժողովրդավարական պետություն ունենալու հեռանկարը բացառիկ հնարավորություն է: Հույս ենք հայտնում, որ շարժման առաջնորդները հավատարիմ կմնան ազատ, ժողովրդավարական և իրավական պետություն կառուցելու իրենց խոստումներին: Եվ կանեն առավելագույնը մամուլի համար հավասար պայմաններ, ազատ արտահայտման լիարժեք հնարավորություններ և դրանք ապահովող համապատասխան օրենսդրական կառուցակարգեր ստեղծելու համար»,-ասաց Հայաստանի ժուռնալիստների միության  նախագահ Սաթիկ Սեյրանյանը:

Նրա կարծիքով, համաշխարհային մամուլի մարտահրավերիներին զուգընթաց, հայաստանյան լրատվամիջոցները ևս ունեն իրենց բնորոշ խնդիրները՝ տեխնոլոգիական, ֆինանսական, օրենսդրական, ինստիտուցիոնալ: Դրանք պահանջում են պրոֆեսիոնալ, նեղ մասնագիտական և լայն քննարկումներ, համագործակցային լուրջ ցանցի ներդրում, լրագրողների իրավական և սոցիալական պաշտպանության ապահովման կազմակերպում, հետևողական աշխատանք: Իսկ դա հնարավոր է կազմակերպել պրոֆեսիոնալ կառույցների՝ Հայաստանի ժուռնալիստների միության, սփյուռքի և լրագրողական միջազգային կառույցների համատեղ աշխատանքի արդյունքում:

Սփյուռքի նախարարի տեղակալ Բաբկեն Տեր-Գրիգորյանը ներկաներին փոխանցեց նախարար Մխիթար Հայրապետյանի ողջույնի խոսքը, որում, մասնավորապես, ասվում էր. «Սիրով ողջունում եմ ձեզ նոր Հայաստանում և հայտնում եմ իմ խորին երախտիքը ձեր ներկայության և այն աջակցության, այն խանդավառության ու զորակցության համար, որ դուք ցուցաբերեցիք թավշյա հեղափոխության կայացման և սփյուռքյան լրատվամիջոցներում նրա ողջ ընթացքն ու փիլիսոփայությունը պատշաճ ներկայացնելու, լուսաբանելու գործում: Խորհրդանշական էր, որ հենց Հայոց պետականության վերակերտման 100-րդ տարեդարձի նախօրեին սկիզբ առած խաղաղ անհնազանդության շարժումը համազգային դրսևորում ստացավ: Սփյուռքը թև ու թիկունք դարձավ սիրո ու համերաշխության հեղափոխությանը, որը  հաղթեց ողջ հայ ժողովրդի միասնական կամքով՝ սկզբնավորելով ազգային զարթոնքի, Հայոց պետականության ամրապնդման, երկրի վարկանիշը բարձրացնելու նոր փուլ»:

Նախարարը վստահություն է հայտնել, որ  համաժողովը կդառնա վերարժևորման, խնդիրները անկեղծ ու կառուցողական մթնոլորտում քննարկելու, լուծումներ գտնելու բացառիկ հարթակ: Եվ, ի վերջո, կձևավորվի առողջ ու կենսունակ համահայկական տեղեկատվական դաշտը:

Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի նախագահ Շահան Գանտահարյանի խոսքով՝ այս տարի որոշակի փոփոխություններ են եղել: «Գերատեսչություններն ունեն հայեցակարգային նոր նախագծեր: Եվ համաժողովի շրջանակում նախագծերին ծանոթանալու նպատակով աշխատանքային հանդիպումներ են լինելու, լրագրողները առիթ են ունենալու գերատեսչությունների ղեկավարների հետ այդ բոլորը քննարկելու»,-նշեց նա:

Քննարկման թեմա են լինելու Հայաստանի լրատվադաշտի դիմագրաված խնդիրները, հայրենիք-սփյուռք լրատվական ոլորտի համագործակցությունը, մասնագիտական շրջանակում համագործակցությունը զարգացնելը: Գանտահարյանի կարծիքով, սփյուռքում ոչ միայն լրագրողի պրոֆեսիոնալիզմի, այլ նաև հայերենին տիրապետելու խնդիր կա: Եվ այդ առումով պետության աջակցության, համագործակցության անհրաժեշտություն կա: Համաժողովները լրագրողներին տալիս  են միմյանց ճանաչելու հնարավորություն:

«Եվ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ փոխճանաչման արդյունքում ձևավորում է համագործակցություն, ոլորտի խնդիրներին դիմակայելու համար համատեղ ուղիներ որոնելու միջոցներ, ցանցային կառույցի աշխատանք»,-եզրափակեց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս