Բաժիններ՝

Ալեն Սիմոնյանը, բոլոր չեմպիոնների նման, ուզում է նվաճել բոլոր բարձունքները. նա քաղաքապետարանում է

ՀՀ ազգային ժողովի պատգամավոր,Երևանի ավագանու «Ելք» խմբակցության նախկին անդամ Ալեն Սիմոնյանը շարունակելու է զբաղվել Երևանի խնդիրներով: Երևան քաղաքի ավագանու 3-րդ նստաշրջանի 4-րդ նիստից առաջ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ինքը՝ պատգամավորը: Նա նշեց, որ չի մասնակցի ավագանու այսօրվա նիստին, բայց եկել է քաղաքապետարան՝ ծանոթանալու նիստի օրակարգին:

«Ես՝ որպես ԱԺ պատգամավոր, իրավունք ունեմ մասնակցելու ավագանու նիստին, կարող եմ լինել դահլիճում: Այսօր օրակարգում չորս հուշատախտակի հարց է քննարկվելու, ինչպես նաև հարց ու պատասխան է լինելու»,-ասաց Սիմոնյանը:

Նա նշեց, որ, որպես պատգամավոր, քաղաքացիների հետ իր ընդունելությունները կազմակերպելու է քաղաքապետարանում: «Երևանի քաղաքապետարանն ինձ համար հարազատ շենք է, և, որպես պատգամավոր, օրենքն ինձ այդ լիազորությունները տալիս է: Կարծում եմ, Երևանի կենտրոնի բնակիչներին ավելի հեշտ կլինի այստեղ հասնել»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

Անդրադառնալով Երևանի քաղաքապետի հնարավոր ընտրության անցկացմանը և դրանում իր մասնակցությանը՝ Ալեն Սիմոնյանն ասաց, որ ինչպես բոլոր չեմպիոնները, ինքն ևս ուզում է նվաճել բոլոր բարձունքները, որպեսզի հնարավորություն ունենա ինչ-որ բան փոխել մեր երկրում:

«Այսօր ամենակարևոր խնդիրը նոր ընտրություններ կազմակերպելն է, և ում երևանցին ընտրի որպես քաղաքապետ, մենք բոլորս նրան կշնորհավորենք»,- հավելեց Ալեն Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 24-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով արձանագրություն է ուղարկել՝ «Ելք» խմբակցության ավագանու անդամ Ալեն Սիմոնյանի՝ ավագանու մանդատը վաղաժամկետ դադարեցնելու մասին:

Մայիսի 25-ին ԿԸՀ նիստում, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարել է, որ Ալեն Սիմոնյանին Երևանի ավագանիում կփոխարինի Նարա Հովհաննիսյանը: Ալեն Սիմոնյանը ԱԺ պատգամավորական մանդատ էր ստացել՝ փոխարինելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս