Բաժիններ՝

Ահազանգ թիվ 19 պոլիկլինիկայից. խնդրով զբաղվում են «Ելք» խմբակցության Երևանի ավագանիները

Երևանի թիվ 19 պոլիկլինիկայի բուժաշխատողները ահազանգել են «Ելք» խմբակցությանը, որ իրենց աշխատավայրում ապօրինություններ են կատարվում: Երևանի ավագանու անդամներ Դավիթ Խաժակյանը, Անի Խաչատրյանը, Անի Սամսոնյանն այցելել են թիվ 19 պոլիկլինիկա` պարզելու իրականությունը:

Լրագրողների հետ զրույցում` Դավիթ Խաժակյանը նշեց, որ իրենք պատրաստված են և, եթե անգամ ահազանգողները հրաժարվեն իրենց խոսքերից, փորձելու են հասկանալ բոլոր խնդիրները: Բողոքներ են եղել, որ պոլիկլինիկայի տնօրենը աշխատանքի ընդունելու համար գումար է պահանջում քաղաքացիներից: Խնդիրներ կան նաև աշխատավարձերի վճարման հետ կապված, մամոգրաֆիայի սարքը չի աշխատում:

Ավագանու անդամները լրագրողների հետ պոլիկլինիկայի շենք մուտք գործելուց հետո անմիջապես մտան հաշվապահություն, որտեղ աչքի անցկացրին հաստիքացուցակները և իրենց հետ վերցրին դրանց պատճենները` հետագայում ուսումնասիրելու համար:

Հաջորդ կանգառը մամոգրաֆիայի կաբինետն էր: Ահազանգը եղել է այն մասին, որ կաբինետի դուռը երկար ժամանակ չի բացվում, քանի որ բժիշկը տեղում չէ, սարքն էլ չի աշխատում: Լրագրողների այցի ժամանակ նույնպես նա տեղում չէր, սակայն քիչ անց եկավ: Մամոգրաֆ Արմինե Ղազարյանը տեղեկացրեց, որ սարքը չի աշխատել մոտ 25 օր, քանի որ երևակման հետ խնդիրներ կան:

«Մենք տնօրինությանն ասել ենք, որ սարքն աշխատում է, սակայն երևակման խնդիր կա: Դրա լուծվելուն պես, այն պատրաստ կլինի շահագործման»,- ընդգծեց բժշկուհին:

Լրագրողները նաև արձանագրեցին, որ սարքի վրա փոշու հաստ շերտ կա: Այլ բժիշկներից և բուժքույրերից «Ելք» խմբակցության Երևանի ավագանի Դավիթ Խաժակյանը փորձեց ճշտել, արդյո՞ք ճիշտ են ամեն ամիս իրենց աշխատավարձից ստիպված պոլիկլինիկային կոմունալներին գումար հատկացնելու մասին տեղեկությունները: Բուժքույրերն այդ տեղեկությունները հերքեցին: Ավագանու անդամները շրջեցին տարբեր սենյակներով և ամենավերջում հանդիպեցին պոլիկլինիկայի տնօրեն Սամվել Սարգսյանի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս