«Լիահույս եմ, որ Հայաստանը օգնության կարիք ունեցող երկրից կվերածվի օգնություն տրամադրող երկրի». Սուրեն Պապիկյան
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչներին։ Պատվիրակության կազմում էին Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը, ծրագրերի բաժնի ղեկավար Արմենուհի Հովակիմյանը, աղետների ռիսկի նվազեցման ծրագրի համակարգող Տիգրան Թովմասյանը։
Ողջունելով հյուրերին՝ նախարար Պապիկյանը շնորհակալություն է հայտնել ՅՈՒՆԻՍԵՖ-ին տարիներ շարունակ Հայաստանում ծավալած գործունեության և տարբեր ծրագրերի տեսքով ցուցաբերած օժանդակության համար, որոնց շնորհիվ փոքրիշատե բարելավվել են շատ խոցելի խմբերի, աղքատության շեմին կանգնած ընտանիքների և երեխաների սոցիալական վիճակը։ «Մեր համագործակցության հարուստ պատմությունը ցույց է տալիս, որ առաջիկայում էլ մենք շատ անելիքներ ունենք։ Ցավոք, Հայաստանը դեռևս չի հասել այն մակարդակին, որ մեր երկրում չլինեն խոցելի խմբեր, և ես լիահույս եմ, որ գյուղական համայնքներում և մասնավորապես` խոշորացված համայնքներում, երեխաների սոցիալական ծանր վիճակի բարելավմանը միտված ծրագրերն առաջիկայում կընդլայնվեն»։ Նախարարը նաև անդրադարձ է կատարել Թումանյանի խոշորացված համայնքում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծավալած գործունեությանը և նշել, որ այդ դրական փորձն անհրաժեշտ է տարածել այլ համայնքներում ևս, որպեսզի ավելի լայն աջակցություն ցուցաբերվի գյուղական համայնքների երեխաներին։
Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար և շնորհավորելով նախարար Պապիկյանին բարդ ու պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, նշել է, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը այսուհետ ևս պատրաստ է աջակցել և իր օգնությունը ցուցաբերել Հայաստանում երեխաների աղքատության կրճատման և նրանց երջանիկ մանկությունն ապահովելուն ուղղված հիմնախնդիրների լուծման հարցում։ Տանյա Ռադոչայը տեղեկացրել է նաև, որ դպրոցների սեյսմակայունության գնահատման ծրագրի շրջանակներում մշակվել է փոքր սեյսմակայուն դպրոցների նախագծեր, որոնք առաջիկայում կներկայացվեն տեղական իշխանություններին և դոնոր ֆինանսական կազմակերպություններին:
Նախարար Պապիկյանը իր խոսքում ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել ՅՈՒՆԻՍԵՖ-ին` Հայասատանի երեխաների երջանիկ մանկության ապահովման, նրանց ընտանիքների կենսամակարդակի բարձրացմանն ուղղված ջանքերի համար և հույս հայտնել, որ Հայաստանն էլ մի օր օգնության կարիք ունեցող երկրից կվերածվի օգնություն տրամադրող երկրի:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև աղքատության պատճառով երեխաների՝ ընտանիքներից բաժանման, մանկատների բեռնաթափման, կլիմայական փոփոխությունների, ինչպես նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող և նախատեսվող մի շարք ծրագրերին վերաբերող հարցեր։