Կներդրվի հաստ աղու քաղցկեղի սքրինինգային ծրագիր. ամերիկահայ բժիշկները պատրաստ են աջակցել քաղցկեղի կանխարգելմանը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է ամերիկահայ բժիշկներ Արմեն Աբուլյանին և Շանթ Շեխերդիմյանին: Մասնագետները Հայաստանում են՝ իրենց ներդրումն ունենալու առողջապահական համակարգի առաջիկա փոփոխություններում և ներգրավվելու որոշ ծրագրերում:

Քննարկվել են սպասվող ու անհրաժեշտ որոշ համակարգային ծրագրեր: Նախարար Թորոսյանը շեշտել է Հայաստանում քաղցկեղի մի շարք տեսակների վաղ կանխարգելման անհրաժեշտությունը՝ մտահոգիչ վիճակագրական միտումները փոփոխելու նպատակով: Առաջիկայում կներդրվի հաստ աղու քաղցկեղի սքրինինգային ծրագիր: Վիրաբույժ, Կալիֆոռնիայի համալսարանի դասախոս Արմեն Աբուլյանը պատրաստակամություն է հայտնել իր անձնական փորձառությունը և գիտելիքները ներդնել փոփոխությունների ժամանակ:

Կալիֆոռնիայի «Կայզեր Պերմանենթ» բժշկական միության անդամ, վիրաբույժ Շանթ Շեխերդիմյանն իր և ամերիկաբնակ իր գործընկերների անունից փոխանցել է, որ ցանկանում են ներգրավվել ծրագրվող համակարգային բարեփոխումներում, անգամ պատրաստ են որոշ ժամանակով Հայաստան գալ ու մասնակցել քաղաքականության մշակմանը, որոշ խնդիրների լուծման ուղղությունների քննարկմանն ու փոխանցել իրենց բնակության երկրի հաջողված փորձը:

Տեսանյութեր

Լրահոս