Բաժիններ՝

Վլադիմիր Գասպարյանի անվտանգության ծառայության պետի եղբոր և մյուսների կալանավորումը կբողոքարկվի (տեսանյութ)

ՀՀ նախկին ոստիկանապետի անվտանգության ծառայության պետ Արշակ Հակոբյանի եղբոր՝ Սարգիս Հակոբյանի կալանավորման որոշումն անպայման կբողոքարկվի: Այս մասին «Փաստինֆո»-ի լրագրողին հայտնեց մեղադրյալ Ս.Հակոբյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը՝ հավելելով, որ ինքը միջնորդելու է վերացել կալանավորումը կամ կիրառել գրավ:

Տ.Աթանեսյանը հայտնեց, որ բողոքարկվելու են բոլոր 4 մեղադրյալներիի կալանավորման որոշումները:

Հիշեցնենք, որ ապրիլի 20-ին Էրեբունի վարչական շրջանում դաժան բռնության էին ենթարկվել բողոքի ակցիայի անչափահաս մի քանի մասնակից, որի վերաբերյալ տեսանյութը տարածվեց նաեւ համացանցում։ Պարզվեց, որ անչափահասի նկատմամբ բռնություն գործադրողների մեջ է եղել նաեւ այն ժամանակ ոստիկանապետ Վովա Գասպարյանի թիկնազորի ղեկավար Արշակ Հակոբյանի եղբայրը՝ Սարգիս Հակոբյանը։

Դեպքի առթիվ ոստիկանությունը քրեական գործ էր հարուցել ծեծի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում։

Ըստ Քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության, 2018թ. ապրիլի 20-ին, ժամը 13։00-ի սահմաններում, Երևան քաղաքի Այվազովսկի 29 հասցեի դիմաց մի խումբ անձինք դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, զուգորդվել անձի նկատմամբ բռնություն գործադրելով, այդ թվում՝ որպես զենք օգտագործված մահակի գործադրմամբ։ Պարզվել է խուլիգանությանը մասնակցություն ունեցած 4 անձի ինքնությունը, անհատականացվել նրանց գործողությունները։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Ս.Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ խուլիգանություն՝ որպես զենք օգտագործվող մահակի գործադրմամբ։

Մյուս երեք մեղադրյալներից Գ.Ազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված խուլիգանություն, որը զուգորդվել է բացառիկ ցինիզմով, Ս. Բաղդասարյանին և Վ. Մխիթարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված խուլիգանություն։ Բոլորի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս