Տարոն Մարգարյանի ուղերձը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Վերջին զանգի առթիվ: Ուղերձում ասվում է.

«Սիրելի՛ շրջանավարտներ,

սրտանց շնորհավորում եմ դպրոցական կյանքի հրաժեշտի և ամենահուզիչ պահի՝ Վերջին զանգի առթիվ: Դպրոցական տարիներին դուք ձեռք բերեցիք գիտելիքներ՝ մեր մշակույթի, պատմության, լեզվի ու գրականության, շրջապատող աշխարհի ու երևույթների մասին, որոնք, անկասկած, անհրաժեշտ են լինելու ձեզ կյանքի բոլոր փուլերում: Համոզվա՛ծ եմ, որ միշտ սիրով ու հարգանքով եք հիշելու ձեր ուսուցիչներին՝ երախտապարտ լինելով այն ամենի համար, ինչն արվեց նրանց կողմից, որպեսզի կարողանաք կերտել ձեր ապագան, դառնաք լավ մասնագետներ, լավ քաղաքացիներ և պարզապես լավ մարդիկ:

Սիրելի՛ մանկավարժներ և ծնողներ,

իսկապես անգնահատելի է այն դերը, որ այս բոլոր տարիների ընթացքում թե՛ տանը և թե՛ դպրոցում ունեցել եք մատաղ սերնդի դաստիարակության և կրթության գործում: Այժմ արդեն հերթը ձեր երեխաներինն ու սաներինն է՝ արդարացնելու նրանց հետ կապված ձեր երազանքները, ինչը, համոզվա՛ծ եմ, նրանք կանեն պատվով:

Սիրելի՛ շրջանավարտներ,

ձեր կյանքի հիշարժան այս օրը մաղթում եմ, որ լինեք առողջ, նպատակասլաց և դպրոցին հաջորդող մեծ կյանքում էլ շարունակեք հարստացնել ձեր գիտելիքներն ու փորձը՝ ուրույն նպաստ բերելով մեր երկրի ու 2800-ամյա քաղաքամայր Երևանի զարգացման և հզորացման գործում»:

Տեսանյութեր

Լրահոս