Թբիլիսին և Վրաստանի մի քանի տարածաշրջաններ մնացել են առանց էլեկտրաէներգիայի
Վրաստանի խոշորագույն հիդրոէլեկտրակայանում՝ Ինգուրի ՀԷԿ-ում, մայիսի 24-ի երեկոյան տեղի ունեցած վթարն առանց լույսի է թողել երկրի մի քանի տարածաշրջաններ, ներառյալ Թբիլիսին:
Ինչպես հայտնել է «Վրաստանի պետական էլեկտրահամակարգ» բաժնետիրական ընկերության մամուլի ծառայությունը, Ինգուրի ՀԷԿ-ի վթարային անջատումը էլեկտրաէներգիայի դեֆիցիտ է ստեղծել համակարգում, որը հարկ է եղել փոխհատուցել ռեզերվի եւ հարեւան երկրներից ներմուծման հաշվին:
«Ներկայում Թբիլիսիի էներգամատակարարումն ամբողջովին վերականգնված է, փուլառփուլ վերականգնվում է էլեկտրաէներգիայի մատակարարումը հոսանքազրկված մյուս տարածաշրջաններին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Այս ժամերին Վրաստանին էլեկտրաէներգիայի լրացուցիչ մատակարարումներ են իրականացվում Թուրքիայից, Հայաստանից եւ Ռուսաստանից: Մասնագետներին արդեն ձեռնաուխ են եղել Ինգուրի ՀԷԿ-ում վթարի պատճառների ուսումնասիրմանը:
Վրաստանի էլեկտրահամակարգում տեղ գտած խափանումը խնդիրներ է ստեղծել նաեւ Թբիլիսիի մի քանի շրջանների ջրամատակարարման հարցում, որտեղ այժմ նույնպես բնակչությանը ջրամատակարարման փուլառփուլ վերկանգնման աշխատանքներ են կատարվում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: