Ռուսական կողմի հետ ե՞րբ է ձեռք բերվել ռուսական «Տոռ» հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերման շուրջ համաձայնությունը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ ՌԴ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը գնալով ավելի արդյունավետ է դառնալու: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով պատգամավոր Միհրան Պողոսյանի հարցին, թե ռուսական կողմի հետ ե՞րբ է ձեռք բերվել ռուսական «Տոռ» հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերման շուրջ համաձայնությունը, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ հարցի ուղիղ պատասխանը պարունակում է պետական գաղտնիք, սակայն անդրադարձավ հայ-ռուսական համագործակցությանը բոլոր, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում:
«Ես կարող եմ ասել, որ Սոչի կատարած այցի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հանդիպմանը խոսել ենք հայ-ռուսական հարաբերությունների հետագա խորացման անհրաժեշտության մասին: Բոլոր ուղղություններով, այդ թվում՝ ռազմատեխնիկական համագործակցության, և մենք հույս ունենք, որ այդ համագործակցությունը գնալով ավելի արդյունավետ է լինելու: Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունների միջև փոխադարձ վստահության որոշակի մթնոլորտ է նկատվում, և մենք հույս ունենք, որ այդ մթնոլորտը հետագայում էլ ավելի կխորանա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Պատգամավորի հարցին՝ «Տոռ» համակարգը Հայաստանին մատակարարվում է նոր պայմանավորվածությունների համաձա՞յն, թե վերջին վարկային համաձայնագրի շրջանակներում, Փաշինյանը պատասխանեց.
«Մենք այդ վարկային համաձայնագիրը քննարկել ենք Ազգային ժողովում նաև վավերացումից առաջ, և երբեք նման հարցերը բաց չենք քննարկել: Ես հույս ունեմ, որ դուք չեք ակնկալում, մենք բաց ընթացակարգով այդ հարցերը կքննարկենք: Ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ զինված ուժերի կարիքները Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում են, անվտանգության մակարդակի շարունակական բարձրացումը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում»,- ասաց Փաշինյանը: