«2017թ. արձանագրվել են մտահոգիչ դեպքեր՝ ընտրակաշառքի բաժանման, վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ». ՄԻՊ-ը ներկայացնում է տարեկան հաղորդումը
Ազգային ժողովում քննարկվում է «2017 թվականի ընթացքում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նախ նշեց, որ 2017 թվականը ՄԻՊ-ի համար նշանավորվեց նրանով, որ ուժի մեջ մտավ ՄԻՊ օրենքը: Նա ասաց, որ 2017 թվականին 6417 դիմում-բողոք են ստացել, որը 1300-ով ավելի է 2016 թվականից:
Ա. Թաթոյանն ասաց, որ իրենց կողմից ընտրական յուրաքանչյուր գործընթացի ցուցաբերվում է մեծ կարևորություն. «2017 թվականին արձանագրվել են մտահոգիչ դեպքեր՝ ընտրակաշառքի բաժանման, վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ: Տեղ են գտել լրագրողների մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու դեպքեր: Մեր կողմից արձանագրվել են նաև հանրակրթական դպրոցների աշխատակիցների վրա ճնշումներ գործադրելու, ինչպես նաև ընտրական գործընթացին մասնակցող անդամի օգտին քվեարկելու համար վախեցնելու դեպքեր»:
Նա նկատեց, որ ընտրական գործընթացում արձանագրված այս իրողությունները բացասական անդրադարձ ունեցան ընտրական գործընթացի վերաբերյալ հանրային վստահության տեսանկյունից.
«Տարեկան հաղորդման մեջ նաև նշված է, որ չնայած օրենքի արգելքին՝ արձանագրվել են ընտրությունների նախապատրաստման ընթացքում հանրակրթության ոլորտում աշխատողների կողմից աշակերտների ծնողներին ցուցակագրելու, աշխատավայրում քարոզչություն անցկացնելու և այլ դեպքեր: Մեր կողմից կատարվել են համապատասխան քայլեր, ու այդ դեպքերը ներկայացվել են իրավապահ մարմիններին»: