Բաժիններ՝

Մարգար Եսայանը Էրդողանի կուսակցության ցուցակով կրկին կմասնակցի Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Մարգար Եսայանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից կրկին առաջադրվել է հունիսի 24-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Ինչպես 2015 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, այնպես էլ հիմա Եսայանը ներկայացված է Ստամբուլի երկրորդ ընտրատեղամասում:

Ի տարբերություն մեջլիսի մյուս հայ պատգամավորների՝ իշխանական շրջանակների հետ սերտ հարաբերություններով աչքի ընկնող Եսայանն այս ընթացքում որևէ հայամետ նախաձեռնությամբ աչքի չի ընկել: Ավելին, 2016 թվականի հունիսին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում նա Թուրքիայի պատվիրակության կազմում կողմ էր քվեարկել բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի հակահայկական «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցին, որը ԵԽԽՎ-ում տապալվել էր:

Թուրքիայում խորհրդարանական ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը մայիսի 21-ին ներկայացրել են իրենց թեկնածուների վերջնական ցուցակները:

Նախորդ՝ 2015 թվականի նոյեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում թուրքական մեջլիսն ուներ 3 հայ պատգամավոր՝ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության թեկնածու Գարո Փայլանը, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության կողմից առաջադրված իրավաբան Սելինա Դողանը և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից առաջադրված հայ լրագրող Մարգար Եսայանը:

Հունիսի 24-ի ընտրություններում քրդամետ կուսակցության ցուցակով կրկին առաջադրվել է Գարո Փայլանի թեկնածությունը: Ի տարբերություն, սակայն, 2015 թվականի խորհրդարանական ընտրությունների, որտեղ Փայլանն առաջադրվել էր Ստամբուլում, այս անգամ նրա թեկնածությունն առաջադրվել է Դիարբեքիրում:

Սելինա Դողանը, սակայն, ընտրություններին չի մասնակցի. նրա անունը բացակայում է քեմալական կուսակցության ներկայացրած ցուցակից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս