Մանե Թանդիլյանն առաջարկում է հուլիսի 1-ից երկրորդ երեխայի ծննդյան նպաստը դարձնել 150 հազար դրամ
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կառավարությանը ներկայացնելու է առաջարկ՝ 2018թ. հուլիսի 1-ից երկրորդ երեխայի ծննդյան նպաստի չափը եռապատկել՝ 50 հազար դրամի փոխարեն սահմանելով 150 հազար դրամ:
Նախարարն այս մասին տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում: «Ժողովրդագրական խնդիրները և աղքատության բարձր մակարդակը Կառավարության սոցիալական ոլորտի գլխավոր առաջնահերթություններից են, որտեղ առկա են բազմաթիվ խնդիրներ: Հասկանալով, որ բոլոր խնդիրները միանգամից և արագ լուծել հնարավոր չէ, միևնույն ժամանակ, նախարարությունը յուրաքանչյուր օր առկա ռեսուրսների շրջանակներում, անելու է առավելագույնը արձանագրելու թեկուզ փոքր ձեռքբերումներ: Այդ կապակցությամբ, Կառավարության քննարկման եմ պատրաստվում ներկայացնել փոփոխության առաջարկ «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» կառավարության որոշման մեջ»,-գրել է նախարարը:
Մանե Թանդիլյանը նշել է, որ առկա նպաստների չափերը հեռու են բավարար լինելուց, սակայն 2017թ. հաստատված պետական բյուջեի շրջանակներում այս փուլում հնարավոր է կատարել այս փոփոխությունը: «Նշված փոփոխությունը պետական բյուջեից երեխայի ծննդյան նպաստների հատկացումների բյուջեի վրա էական ազդեցություն չի ունենա: Առաջիկայում նշված հարցին կտրվի ավելի համապարփակ և արդյունավետ լուծում՝ վերանայելով նաև ընտանեկան դրամագլխի տնօրինման կարգը»,-ավելացրել է նա: