Գեղարքունիքի մարզի տնտեսություններում մոտ 8 հազար տոննա չիրացված կարտոֆիլ է մնում
Գեղարքունիքի մարզի տնտեսություններում 2018 թվականի մայիսի 19-ի դրությամբ չիրացված է մնում մոտ 8 հազար տոննա կարտոֆիլ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը, մարզպետարանը ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ մայիսի 18-ին ավարտել է ուսումնասիրությունը եւ գույքագրումը մարզի համայնքներում:
Ամեն համայնքում տասնյակ կամ հարյուրավոր տոննաներով պարենային կարտոֆիլ է մնացել չիրացված: «Խնդրով զբաղվում է նաեւ ՀՀ գյուղնախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը: Դիմում ենք տեղի կամ դրսի մթերողներին՝ խնդիրը կարգավորելու համար, սակայն առայժմ գյուղացիների համար մթերողների կողմից համեմատաբար շահավետ գին չի առաջարկվում, քանի որ թե ներքին շուկայում է գնանկում եղել, թե Հայաստանի հարեւան երկրների շուկաներում՝ հասնելով մինչեւ 60 դրամի, ինչը ձեռնտու չէ արտադրողին, քանի որ այն ինքնարժեքից շատ ցածր է:
Առավել շատ կարտոֆիլի չիրացված բերք կա Մարտունու եւ Գավառի տարածքների համայնքներում՝ Զոլաքար, Գեղհովիտ, Աստղաձոր, Վերին Գետաշեն, Կարմիրգյուղ, Սարուխան եւ այլն»,-ներկայացրեց Համբարձում Համբարձումյանը: Գանձակի գյուղապետ Արմեն Պողոսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ այժմ լավագույն ելքը գյուղացու համար այն է, որ հնարավորինս արագ կազմակերպի բերքի իրացումը, որքան էլ այն ինքնարժեքից ցածր լինի: «Մեր համայնքում մոտ 1000 տոննա կարտոֆիլ էր մնացել, որի արտահանումը դեպի Ռուսաստանի Դաշնություն կազմակերպել ենք օրերս: Իրացման գինը չի գերազանցել 60-70 դրամը:
Մարդիկ, ճիշտ է, տուժել են, սակայն գոնե կարողացել ենք փրկել եղածը: Եթե մեկ-երկու շաբաթ էլ բերքը չիրացվեց, այդքան հսկայական քանակություն ենթակա կլինի թափվելու: Սա նաեւ պիտի դաս լինի, որ հերթական տնտեսական տարում մարդիկ մտածեն բերքը ժամանակին իրացնելու մասին, երբ գինը համեմատաբար շահավետ է, բերքի որակն ու քաշն էլ՝ տեղը»,-նշեց Արմեն Պողոսյանը:
Խոսրով Խլղաթյան