Լիլիթ Մակունցն այցելել է Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն
ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը մայիսի 17-ին այցելեց Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն, շրջայց կատարեց, ծանոթացավ թատրոնի ստեղծագործական պրոցեսների կազմակերպմանն ու աշխատանքային պայմաններին: Այս մասին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Շրջայցից հետո նախարարն առաջարկեց թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանին անդրադառնալ ոլորտի արդի մարտահրավերներին, ձեռքբերումներին, անելիքներին: Այս համատեքստում քննարկվեցին հարցեր, որոնց առանցքում օրենսդրական դաշտի, մասնավորապես՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքում առկա այն դրույթներն էին, որոնք մշակույթի ոլորտի կազմակերպությունների ստեղծագործական պրոցեսների արդյունավետ կազմակերպման համար առաջացնում են դժվարություններ և խնդիրներ:
Ամփոփելով զրույցի արդյունքները նախարարը նշեց. «Իմ աշխատանքային չորս օրերի ընթացքում հանդիպումներ եմ ունեցել և ունենալու եմ մշակույթի տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ, որպեսզի ձևակերպենք առկա խնդիրները և հստակեցնենք լուծումների տանող մեր քայլերը: Այսօրվա մեր զրույցից ինձ համար կարևոր շեշտադրում է օրենսդրական դաշտի փոփոխությունների կարևորության առաջնահերթությունը»: