Բաժիններ՝

Տարոն Մարգարյանը՝ հրաժարականի և Մյասնիկյանի արձանի հարևանությամբ գտնվող այգու աշխատանքների մասին

Այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի մոտ հանդիպեց ակցիայի իրեն աջակցող մասնակիցներին և շնորհակալություն հայտնեց նրանց, որ իր կողքին են: Նա կոչ արեց մարդկանց միանալ իրենց ընտանիքներին:

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Երևանի քաղաքապետարանի դիմաց մի խումբ ցուցարարներ պահանջում էին Տարոն Մարգարյանի հրաժարականը։ Նրանք բողոքում էին, որ դեռ մի քանի ամիս առաջ Մյասնիկյանի արձանին հարող տարածքի այգում շինարարական աշխատանքների արդյունքում հատվել էին մեծ թվով ծառեր:  Ավելի ուշ բողոքի դուրս եկած ցուցարարներին միացան Տարոն Մարգարյանի համակիրները։
Բնակիչների հետ շփվելուց հետո Տ. Մարգարյանին լրագրողները հարցրեցին՝  ինչո՞ւ ավելի շուտ չի եկել և խոսել ցուցարարների հետ.

«Փորձեցի շատ արագ ավարտել աշխատանքներս ու միանալ մեր համաքաղաքացիներին՝ լսելու թե իրենց դժգոհությունները, ինչո՞ւ չէ՝ նաև լսելու իմ կողմնակիցներին, ովքեր եկել են քաղաքապետարանի դիմաց ու պահանջներ են ներկայացնում»։

Ինչ վերաբերում է այսօր ցուցարարների կողմից Երևանի քաղաքապետարանի վարչական շենք ներխուժելուն, Տ. Մարգարյանն ասաց.

«Ես դատապարտում եմ, հստակ երևում է, որ օրենքի խախտում է կատարվել։ Ակտիվիստները ներխուժել են քաղաքապետարանի շենք և փորձել են խանգարել քաղաքապետարանի աշխատանքը։ Կոչ եմ անում մեր իրավապահ մարմիններին զբաղվել այս հարցով»։

Տարոն Մարգարյանը խոսեց նաև Մյասնիկյանի արձանի հարևանությամբ գտնվող այգու վերականգնման աղմկահարույց խնդրի մասին.

«Այգին լինելու է համայնքինը: Ինչ վերաբերում է ծառերի հատմանը, «Վարդանյանների ընտանիքը» պատասխանատվություն է վերցրել ամբողջ այգին վերականգնել ու այն նվիրել երևանցիներին, որը լինելու է հանրային այգի: Եթե որոշ քանակի ծառեր են կտրվել, համոզված եղեք, մի քանի անգամ ավելի ծառեր են տնկվելու»:

Անդրադառնալով քաղաքացիների մի մասի կողմից հնչող՝ իր հրաժարականի պահանջին, Տ. Մարգարյանն ասաց.  «Ամբողջ աշխարհում ընդունված չէ՝ երբ մի քաղաքական ուժ գալիս է իշխանության, փորձի ճնշել տեղական իշխանությանը, տեղական ինքնակառավարման մարմիններին, ընտրովի մարմիններին: Մենք շարունակում ենք մեր աշխատանքը, մենք շենացնելու ենք մեր քաղաքը մեր երևանցիների հետ միասին և երևանցիների հետ միասին նշելու ենք քաղաքի 2800-ամյակը»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս