Բաժիններ՝

Մեյը հիասթափված է Շոտլանդիայի խորհրդարանի որոշումից, որը մերժել է Brexit-ի նախագիծը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հիասթափված է Շոտլանդիայի խորհրդարանի որոշումից, որը մերժել է Brexit-ի վերաբերյալ բրիտանական խորհրդարանի առաջադրված օրինագիծը եւ պաշտպանել շոտլանդական կառավարության համապատասխան առաջարկը: Ներկայում Brexit-ի մասին օրինագիծը քննարկման փուլերն է անցնում երկրի խորհրդարանում:

«Մենք մի քանի ամիս այդ հարցի շուրջ աշխատել ենք Շոտլանդիայի եւ Ուելսի կառավարությունների հետ: Դա հիասթափեցնում է… Բայց մենք պետք է հարգենք քվեարկության արդյունքները»,-ասել է վարչապետը՝ մայիսի 16-ին ելույթ ունենալով բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատում:

Շոտլանդական խորհրդարանականների մեծամասնությունը՝ 93 մարդ, համարել են, որ օրինագիծը բացասական հետեւանքներ կունենա տարածաշրջանային իշխանությունների լիազորությունների տեսակետից: Այս եզրակացությանն են եկել Շոտլանդիայի ազգային կուսակցության անդամները, շոտլանդացի լեյբորիստները, «կանաչները» եւ լիբերալ-դեմոկրատները՝ դրսեւորելով հազվադեպ միասնություն: Նրանք հավանություն են տվել շոտլանդական կառավարության առաջարկությանը՝ լեյբորիստների ուղղումով, որը բրիտանական կառավարության եւ շոտլանդական իշխանությունների միջեւ բանակցությունների վերսկսման կոչ է բովանդակում: Brexit-ի օրինագիծը պատրաստ էին պաշտպանել 30 շոտլանդացի խորհրդարանականներ:

Թեեւ Շոտլանդիայի կառավարության որոշումը ուղղակի հետեւանքներ չունի եւ ավելի շուտ խորհրդանշական է, քանի որ Շոտլանդիայի խորհրդարանը վետոյի իրավունք չունի, այսօրվա իրադարձությունը կարող է որոշակի դժվարություններ ստեղծել բրիտանական կառավարության համար: Եթե վարչապետ Թերեզա Մեյը շարունակի պնդել օրինագծի ընդունման անհրաժեշտությունը, ապա դա կդառնա պատմության մեջ առաջին դեպքը, երբ բրիտանական կառավարությունն իր օրինագիծն անցկացնում է Շոտլանդիայի կամքին հակառակ: Շոտլանդիան 2016 թվականի հանրաքվեի ժամանակ դեմ էր քվեարկել Եվրամիությունից երկրի դուրս գալուն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս