«ԼՂ հակամարտության բանակցային գործընթացում Ստեփանակերտը միշտ ներգրավված է եղել»
Արցախյան հարցի կարգավորման միակ ձևաչափ Հայաստանը տեսել և տեսնում է բանակցային գործընթացը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը:
«Բանակցային գործընթացն այն միակ ձևաչափն է, որի շրջանակում հայաստանյան կողմը և տեսել է, և այսօր տեսնում է արցախյան հարցի կարգավորումը: Հայաստանյան կողմը վերահաստատում է, որ Արցախի հիմնախնդրի միակ լուծումը հնարավոր է միայն բանակցության պարագայում: Արցախի Հանրապետության դե ֆակտո կարգավիճակը, որպես անկախ պետություն, պետք է ստանա հաստատում դե յուրե՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ»,- նշեց քաղաքագետը և հավելեց, որ Հայաստանի համար բանակցությունները չունեն այլընտրանք:
Անդրադառնալով հարցին, արդյո՞ք Արցախի Հանրապետությունը պետք է նստի արցախա-ադրբեջանական հակամարտության բանակցությունների սեղանի շուրջ, նա ընդգծեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երկխոսությունը միշտ ունեցել են Արցախի ներկայացուցիչների հետ:
«Բոլորն էլ հասկանում են, որ վերջնական լուծումը կարող է լինել միայն այն տարբերակով, որին իր համաձայնությունը կտա պաշտոնական Ստեփանակերտը: Ղարաբաղյան հարցի շուրջ բանակցային գործընթացում Ստեփանակերտի ներգրավվածությունը միջնորդավորված ձևով միշտ եղել է»,- շեշտեց Մարգարովը:
Մարգարովը դժվարացավ կանխատեսումներ անել, թե բանակցություններն ինչպես կընթանան՝ հաշվի առնելով Հայաստանում իշխանափոխությունը: